Չինաստանը ծրագրում է երեք անօդաչու առաքելություն ուղարկել Լուսին այն բանից հետո, երբ հայտնաբերել է լուսնային նոր հանքանյութ, որը ապագայում կարող է էներգիայի աղբյուր դառնալ:

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տիեզերական մրցավազքն արագանում է այն բանից հետո, երբ Պեկինի Ազգային տիեզերական վարչությունն առաջիկա 10 տարում երեք ուղեծրային սարքեր Լուսին ուղարկելու թույլտվություն է ստացել, հաղորդում է Bloomberg-ը:

Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Չինաստանը երրորդ երկիրն է դարձել, որը հայտնաբերել է նոր լուսնային հանքանյութ, որն անվանել է Changesite-(Y), ըստ չինական Global Times պետական թերթի:

Չինական «Չանյե 5» առաքելությունը 2020 թվականին Լուսնից նմուշներ է վերցրել, եւ Global Times-ը դրանք նկարագրել է որպես «ֆոսֆատային հանքանյութ սյունաձեւ բյուրեղում», որը հայտնաբերվել է լուսնային ապարների մասնիկներում: Հանքանյութը պարունակում է հելիում-3, որը ապագայում կարող է էներգիայի աղբյուր դառնալ։

Բացահայտումը կարող է ավելի մեծ ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, որպեսզի նա ուժեղացնի իր ջանքերը այն բանից հետո, երբ Artemis I առաքելությունը երկրորդ անգամ է հետաձգվել:

Լուսնի վրա հանքարդյունահանումը կարող է դառնալ երկրների միջեւ լարվածության հաջորդ աղբյուրը, քանի որ ՆԱՍԱ-ն նաեւ հետազոտում է Լուսնի հարավային բեւեռը, որտեղ Չինաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ հետազոտական կայան կառուցել:

Չինաստանը վերջերս ուժեղացրել է տիեզերքի հետազոտման իր ջանքերը՝ կառուցելով տիեզերակայան կայան, գործարկելով լուսնային նմուշների հավաքման մի շարք առաքելություններ եւ այս տարվա սկզբին Մարս ուղարկելով «Ժուրոնգ» կոչվող մարսագնացը:

ԱՄՆ-ը մնում է միակ երկիրը, որը տիեզերագնացներ է ուղարկել Լուսին, վերջին վայրէջքը տեղի է ունեցել մոտ 50 տարի առաջ՝ «Ապոլլոն 17» առաքելության շրջանակներում, ասվում է ՆԱՍԱ-ի կայքում: