Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների եւ Ժնեւի միջազգային քննարկումների մասով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի հետ։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ եւ Ֆիլիպ Ռիկերի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանն ԱՄՆ-ի հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս։ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ֆիլիպ Ռիկերը քննարկել են պատերազմն Ուկրաինայում եւ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հետ կապված բարդ իրավիճակը։ Զրույցում անդրադարձ է եղել նաեւ ծանր վիճակին Վրաստանի «օկուպացված տարածքներում»։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման բացառիկ կարեւորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Ժնեւի միջազգային քննարկումների նշանակությունը։

Ռիկերը հավաստիացրել է Միացյալ Նահանգների վարչապետին Վրաստանի «տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» վճռական աջակցության մեջ։

Քննարկված հարցերի թվում էր նաեւ Վրաստանի եվրաինտեգրման հարցը։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրոպական խորհուրդը, Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելով, հաստատեց, որ Վրաստանի ապագան ԵՄ-ում է, եւ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր եվրոպական ուղուն։