Սիրիայում 11-ամյա անթեղված պատերազմը կրկին բռնկվելու եւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերադառնալու վտանգ կա, նախազգուշացրել է Միավորված ազգերի կազմակերպությունը, փոխանցում է Reuters-ը։

«Սիրիան չի կարող իրեն թույլ տալ վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, բայց, հավանաբար, դեպի դա էլ գնում է»,- ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահ Պաուլո Սերջիո Պինեյրոն:

«Ինչ-որ պահի տպավորություն ստեղծվեց, որ Սիրիայում պատերազմն ամբողջությամբ ավարտվել է»,- Ժնեւում լրագրողներին ասել է Պինեյրոն՝ հավելելով, որ զեկույցում արձանագրված միջադեպերը վկայում են, որ դա այդպես չէ:

50 էջանոց զեկույցում ասվում է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին ողջ երկրում հաճախացել են «մարդու հիմնարար իրավունքների եւ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները»։

Նշվում է, որ հյուսիս-արեւելքում եւ հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողությունների եւ օդային ռմբակոծությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել, սննդի եւ ջրի հասանելիությունը սահմանափակվել է։

ՄԱԿ-ը հայտնել է, որ այս ընթացքում չի կարողացել մարդասիրական օգնություն հասցնել Սիրիա։