ՄԱԿ Անվտանգության խորհրդում բոլորը հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի շուտափույթ դադարեցման, ինչպես նաեւ իրավիճակը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է Sputnik-Արմենիան։

Ռուս դիվանագետը նշել է, որ խորհրդակցություններն անցել են փակ դռների հետեւում։ «Բոլորը միաձայն հանդես են եկել հրադադարի շուտափույթ դադարեցման եւ իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։ Այժմ քննարկվում են մամուլի տարրերը, փորձագետները դեռ դահլիճում են, որոնք վերջնական տեսքի են բերում դրանք»,- ասել է Նեբենզյան։

Նրա խոսքով, Մոսկվան պնդում է, որ մամուլի այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների 2020 եւ 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ եւ մի շարք նախագծեր, որոնք պետք է ձեռնարկեն կողմերը։

«Մենք խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրել է ինչպես անհատական կարգով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը կարգավորելու եւ զինադադարի հասնելու համար, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ը կգործադրի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությունը տրամադրելու համար, շնորհակալություն հայտնեցին մեր գործադրած ջանքերի համար»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նամակ էր ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից՝ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ Ֆրանսիան, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող երկիր, խնդրել էր քննարկել այս հարցը։