Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կտրուկ սրմամբ։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան

Նրա խոսքով՝ Ռուսաստանն անընդունելի է համարում ուժի կիրառումը եւ ակնկալում է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի բոլոր պայմանավորվածությունների կատարում։

«Իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը սերտ կապի մեջ է Երեւանի եւ Բաքվի հետ։ Ակնկալում ենք, որ այս թեման նույնպես կհայտնվի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածության աստիճանը, ինչպես նաեւ պահպանել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության (2021թ. հունվար) դրույթների մշակման ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման համար, որն աշխատում է փաթեթների համաձայնեցման վրա՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային եւ ճանապարհային կապի գործարկման շեշտադրմամբ՝ հարեւան երկրներ հնարավոր ելքով։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ սահմանային խնդիրները՝ սահմանների սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ այս բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության եւ առկա խնդիրների քաղաքականացման։ «Արդյունքների հասնելու համար կպահանջվի ժամանակ եւ լուրջ ջանքեր ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի կողմից, ինչպես նաեւ միջազգային հանրության միասնություն։ Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու զրոյական գումարով խաղերը միայն կարող են վնասել գործընթացին»,- ասել է նա։

«Լարվածության նվազեցմանը վերաբերող հարցեըը քննարկվել են նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի, Ռուսաստանի արտգործնախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցների ընթացքում։ Ակնկալում ենք, որ այս հարցն ուշադրության կենտրոնում կլինի Սամարդղանդում՝ Շանհանհան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի սպասվող հանդիման ժամանակ։ Էական քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության կողմից։ Մեր զինվորականները սերտ կապի մեջ են կողմերի հետ՝ կրակի կայուն դադարեցումն ապահովելու, ինչպես նաեւ հայ եւ ադրբեջանցի զինծառայողներին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով»,- ասել է Նեբենզյան։