ՀՀ վարչապետի ստորագրությամբ Արցախի հարց չի լուծվում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«Ես մեզ ժողովրդին ուզում եմ ասել, որ որևէ անձ, անկախ դրանից նա Հայաստանի Հանրապետության առաջնորդն է, թե Արցախի առաջնորդն է կամ որևէ կուսակցություն ․․․ Արցախի կարգավիճակի հարցը տրված չէ որևէ անձի կամ որևէ կուսակցության։ Արցախի կարգավիճակի հարցը, վերջնական լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,– ասել է նա։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր հերթին ասել է, որ անընդունելի է որևէ փաստաթուղթ, որում Ադրբեջանը կարող է Ադրբեջանի կազմում լինել։ «Մնացածը մեզ համար մեր ինքնորոշման իրավունքի իրացման և անկախության միջազգային ճանաչման շրջանակում պետք է լուծվի»– ասել է նա։

Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն իր հերթին ասել է, որ մեկ անգամ արդեն ականատես ենք եղել 202թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ փաստաթղթին։ «Ինձ թվում է, որ ազգը ոտքի է կանգնելու և թույլ չի տալու նման որոշում կայացվի, որը կցավեցնի ամբողջ մեր ազգային»,– ասել է նա։

Պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Հայաստանի ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ասել է, որ այս իրավիճակում ոչ թե պետք է քաղաքական աճպարարություններով մատուցել ժողովրդին, թե ինչ է տեղի ունենում, այլ հստակ ձևակերպված խոսք հնչի։ «Այս պահին ես այդ հստակ խոսքը չեմ լսել։ Եվ ելնելով այդ հանգամանքից՝ ժողովուրդը այս ժամին իր ցասումը, մտահոգությունն է արտահայտում հավաքվելով հրապարակում» ասել է նա։