Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ 77-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, շաբաթ օրը հայտարարել է նախագահական պալատը, հայտնում է Cyprus Mail-ը։

Այդ օրը Կիպրոսի նախագահը Կիպրոսի ժամանակով ժամը 16:00-ին նաեւ ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Միջոցառմանը կմասնակցի նաեւ արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը։

Նյու Յորքում գտնվելու ընթացքում նրանք կհանդիպեն օտարերկրյա առաջնորդների եւ պաշտոնյաների հետ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Անաստասիադեսի օրակարգը նվիրված կլինի Կիպրոսի խնդրին եւ ստեղծված փակուղուց դուրս գալու ուղիներին, Միջերկրական ծովի արեւելքում Թուրքիայի սադրիչ գործողություններին եւ կիպրական-թուրքական կողմի՝ երկխոսության գնալու ցանկության բացակայությունը, ինչպես նաեւ այնպիսի հարցերի, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, Ուկրաինայում պատերազմը եւ եւ այլ տարածաշրջանային զարգացումներ։

Բացի այդ, նախագահը ճաշ կկազմակերպի ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների՝ «մեծ հնգյակի»՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ կհանդիպի սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Մինչ Նյու Յորքը, երկուշաբթի, սեպտեմբերի 19-ին, Կիպրոսի նախագահը կլինի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում, որտեղ այլ օտարերկրյա առաջնորդների եւ պետությունների ղեկավարների հետ կմասնակցի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։

Կիպրոսի նախագահին կուղեկցի առաջին տիկին Անդրի Անաստասիադեսը։

Անաստասիադեսը Լոնդոնից Նյու Յորք կմեկնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 20-ին:

Կիպրոսի կառավարությունը ինը բլոկում հորատման եւ հետախուզման իրավունքներ է տվել ExxonMobil-ին եւ նրա գործընկեր Qatar Petroleum-ին, Chevron-ին եւ գործընկերներ Dutch Shell-ին եւ Israel NewMed-ին, ինչպես նաեւ կոնսորցիումին, որը բաղկացած է իտալական Eni-ից եւ ֆրանսիական TotalEnergies-ից:

Թուրքիան նախկինում ռազմանավերի ուղեկցությամբ հորատող եւ հետազոտական նավեր էր ուղարկել այն ջրեր, որոնց հանդեպ Կիպրոսը հավակնություն ունի։ Նման հարձակումները մեծացրել են ռազմական լարվածությունը: ԵՄ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները եւ պատժամիջոցներ սահմանել երկու անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են նման հորատման արշավախմբերում:

Կիպրոսը բաժանվել է էթնիկ հունական եւ թուրքական կողմերի՝ 1974 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց երկիր՝ Հունաստանի հետ միավորման կողմնակիցների հեղաշրջումից հետո: Չնայած Կիպրոսը ԵՄ-ին միացել է 2004 թվականին, միայն հարավային՝ հունակիպրական հատվածն է օգտվում անդամակցության բոլոր առավելություններից: