ՄԱԿ-ը թալիբներին հորդորել է վերաբացել աղջիկների ավագ դպրոցները Աֆղանստանում՝ դատապարտելով ուղիղ մեկ տարի առաջ սահմանած արգելքը եւ այն ողբերգական ու ամոթալի որակելով, հաղորդում է AFP-ն:

Անցյալ տարվա օգոստոսին թալիբների կողմից իշխանությունը զավթելուց շաբաթներ անց՝ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին, թալիբները վերաբացել են տղաների ավագ դպրոցները, սակայն ավագ դպրոցների աղջիկներին արգելել են հաճախել դասերի։

Մի քանի ամիս անց՝ մարտի 23-ին, կրթության նախարարությունը բացել է աղջիկների համար նախատեսված ավագ դպրոցները, սակայն մի քանի ժամ անց թալիբների ղեկավարությունը հրամայել է կրկին փակել դրանք։

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (UNAMA) հայտնել է, որ այդ ժամանակից ի վեր ավելի քան մեկ միլիոն դեռահաս աղջիկներ զրկվել են կրթությունից: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թալիբներին կոչ է արել վերացնել վերոնշյալարգելքը։

«Կորցրած գիտելիքների եւ հնարավորությունների տարի, որոնք նրանք երբեք չեն կարող հետ բերել: Թալիբները պետք է թույլ տան նրանց դպրոց գնալ», - գրել է Գուտերեշը Twitter-ի իր միկրոբլոգում:

Թալիբանի մի քանի պաշտոնյաներ ասել են, որ արգելքը ժամանակավոր է, սակայն նրանք մի շարք հիմնավորումներ են առաջ քածում`արդարացնելու դպրոցների փակումը՝ սկսած ֆինանսական միջոցների պակասից մինչեւ ուսումնական ծրագիրը իսլամական նորմերին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ ժամանակը:

Այս ամսվա սկզբին կրթության նախարարը նշել էր, որ մշակութային խնդիր է, քանի որ սա շատ գյուղացիներ չեն ցանկանում, որ իրենց դուստրերը դպրոց հաճախեն:

Բացի աղջիկների համար միջնակարգ դպրոցները փակելուց, թալիբները կանանց արգելել են կառավարական բազմաթիվ պաշտոններ զբաղեցնել, ինչպես նաեւ հրամայել են՝ ծածկվել շղարշով:

Աղջիկների համար որոշ միջնակարգ դպրոցներ բաց են մնացել Քաբուլի եւ Քանդահարի կենտրոնական ուժային կենտրոններից հեռու գտնվող նահանգներում՝ ընտանիքների եւ ցեղերի առաջնորդների ճնշման շնորհիվ: