Ջրածնային վառելիքի բջիջներ արտադրող Loop Energy ընկերությունը կիրակի օրը հայտարարել է, որ, ներկա գնային պայմաններում, իր վերջին բջջային համակարգը կարող է ապահովել վառելիքի ավելի լավ տնտեսում, քան դիզելային շարժիչը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ընկերությունը, որը հիմնված է Բրիտանական Կոլումբիայի Բերնաբի քաղաքում, հայտնել է, որ, սեպտեմբերի 5-ի դրությամբ, Եվրոպայում մեկ լիտր դիզելի համար 1,91 դոլար եւ 1 կգ ջրածնի համար 10 դոլար արժողությամբ, բեռնատարը կարող է անցնել 179 կմ-ից մի փոքր ավելին՝ 100 դոլարով։

Քանի որ ավտոմոբիլային արդյունաբերությունը անցնում է զրոյական արտանետումներով էլեկտրական մեքենաների արտադրմանը, բեռնատարների խոշոր արտադրողները, ինչպիսիք են Daimler Truck-ը եւ Volvo-ն, մեծ ներդրումներ են կատարում ջրածնային վառելիքի բջիջներում՝ երկար հեռավորությունների վրա ապրանքներ տեղափոխելու համար, քանի որ, էլեկտրական բեռնատարները կենսունակ դարձնելու համար, մարտկոցները չափազանց շատ են կշռում:

Ջրածնի վառելիքի բջիջները ջրածինը փոխանցում են կատալիզատորի միջով, որն առաջացնում է էներգիա եւ ջերմություն, որպեսզի սնուցի փոքր մարտկոցը, որը սնուցում է բեռնատարը. այդ բջիջների միակ արտանետումը ջուրն է:

Ջրածնային վառելիքի բջիջների լայն տարածումը երկու դժվարություն ունի. դրանց արդյունավետությունը դեռեւս ցածր է դիզելային վառելիքից, եւ Եվրոպայում վառելիքի լիցքավորման ենթակառուցվածքը գործնականում բացակայում է:

Loop Energy-ի գործադիր տնօրեն Բեն Նայլանդի խոսքով՝ նոր համակարգը հիմնականում լուծում է այս խնդիրներից առաջինը։

«Սա մեզ ավելի է մոտեցնում ապագային: Այս արտադրանքը ապահովում է ծախսարդյունավետությունը, որն անհրաժեշտ է այսօրվա համար», - Reuters-ին ասել է Նայլանդը:

Նա նշել է, որ Loop Energy-ը մտադիր է վառելիքի բջիջների համակարգը տրամադրել սկսնակ բեռնատար մեքենաների արտադրողներին`որպես ջրածնային ուժային համակարգերի մի մաս, որոնք, խոշոր մատակարարների կողմից, տրամադրվում են խոշոր բեռնատար արտադրողներին:

Ընկերության ամենախոշոր բաժնետերը շարժիչներ արտադրող ամերիկյան Cummins-ն է, որին պատկանում է Loop Energy-ի բաժնետոմսերի ավելի քան 20 տոկոսը։