Իրանի ԱԳՆ-ն չի բացառում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հնարավորությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, հաղորդում է IRNA-ն։

Պատասխանելով Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի՝ Նյու Յորք կատարած այցի մասին հարցին՝ Քանանին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է, որ այցի ընթացքում պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների օրակարգ չկա։ «Բնականաբար, միջազգային հանդիպումները լավ հնարավորություն են համարվում երկրների պաշտոնյաների միջեւ քաղաքական տեսակետների արտահայտման եւ բանակցությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ընթացիկ եւ միջազգային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման համար»,-ասել է նա։  

«Իրանի Իսլամական Հանրապետությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու իր տեսակետը երկկողմ եւ միջազգային հարցերի վերաբերյալ, եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նույնպես համարվում է այդ հնարավորություններից մեկը»,-հավելել է Քանանին։