ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ այսօր Երևանում կայացել է «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովը:

Համաժողովի ընթացքում երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով:

Համաժողովի կազմակերպման կապակցությամբ ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը»,-իր ուղերձում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների էական բաղադրիչն է հանդիսանում միջտարածաշրջանային համագործակցությունը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ», - ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում։

Համաժողովի ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2027 թթ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի իրականացման գործողությունների ծրագիր։

Նիստից հետո կլոր սեղան ձևաչափով շարունակվել են թեմատիկ քննարկումները «Հայաստանի և Ռուսաստանի միջև  համագործակցությունը թվային ձևաչափում», «Տուրիստական պոտենցիալի զարգացում», «Հայաստանի մարզերի և ՌԴ ռեգիոնների միջև հումանիտար համագործակցույթուն» և «Ժամանակակից պայմաններում լոգիստիկա, ֆինանսներ և ներդրումներ» թեմաներով։