Բութանի թագավորությունը կրկին բացվում է զբոսաշրջիկների համար՝ զբոսաշրջային օրական հարկի զգալի աճով, հայտնում է CNBC-ը։

Մինչ 2020 թվականի մարտին Covid-19 համավարակի պատճառով սահմանները փակելը՝ Բութան մեկնող ճանապարհորդները պետք է վճարեին օրական նվազագույն փաթեթի արժեքը՝ 200-250 դոլար՝ կախված տարվա եղանակից: Սակագինը հաճախ ներառում էր հյուրանոցում ապրելը, սնունդը, տրանսպորտի եւ գիդի ծառայությունները, ինչպես նաեւ 65 դոլար պարտադիր վճար՝ կայուն զարգացման համար:

Սակայն հունիսի վերջին Բութանն ընդունել է զբոսաշրջության վճարների մասին օրինագիծ, որը կայուն զարգացման համար փաթեթի օրական նվազագույն արժեքը 65-ից բարձրացրել է մինչեւ օրական 200 դոլարի՝ մեկ անձի համար: Այլ ծախսերը, օրինակ հյուրանոցները եւ սնունդը, չեն ծածկվում այս վճարով:

Բութանը եւ նոր քաղաքականության կողմնակիցներն ասում են, որ այդ քայլը համապատասխանում է «բարձրորակ, քիչ ծավալի» զբոսաշրջություն ներգրավելու երկրի անփոփոխ նպատակին: