ՀԱՊԿ-ի գծով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության թուլացման միջոցներ են ձեռնարկվում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին։ Արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի, Կրեմլում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հավատարմագրերը ՌԴ նախագահին է հանձնել նաեւ Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Նշեմ, որ կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման հետ կապված։ Դիմակայության գիծ է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է դրության ուսումնասիրման արդյունքների հիման վրա պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ցանկացած հակամարտային իրավիճակ Ռուսաստանի համար մերձավոր պետությունների միջեւ լուրջ անհանգստություն է առաջացնում։

«Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ պետք է ելնել այն բանից, որ լուծման բանալին պրոֆեսիոնալ, համատեղ աշխատանքն է՝ հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։