Հայաստանում ռուսական բիզնեսի ներդրումային նախագծերը, որոնց ընդհանուր ծավալը մոտ 1 մլրդ դոլար է, ուժի մեջ կմնան։ Այս մասին սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։

Նրա խոսքով՝ ռուսական բիզնեսի նման մտադրությունների մասին հայտարարվել էր դեռ մեկ տարի առաջ։ Սակայն, ինչպես նշել է Վոլվաչը, այս փաթեթը փոխվել է։

«Ինչ-որ ընկերություններ վերանայել են իրենց նախագծերը, որոշներն ընդհանրապես չեղարկել են։ Փոխարենը հայտնվել են նորերը։ Սակայն ընդհանուր ծավալը մոտավորապես նույնն է։ Ներդրումներ անելու պատրաստակամություն կա, եւ մենք մեր հայ գործընկերների հետ աշխատում ենք առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծել է փոխնախարարը։

Վոլվաչը նաեւ հավելել է, որ ռուսական բիզնեսը պատրաստ է ներդրումներ կատարել նույնիսկ ներկայիս անկայունության պայմաններում։

«Նա հասկանում է, որ ռուս-հայկական հարաբերությունները կառուցվում են երկու երկրների ամրապնդման եւ շատ երկարաժամկետ հեռանկարի համար։ Այդպիսի ներդրումային տասնյակ նախագծեր կան»,- վստահեցրել է ռուս պաշտոնյան։