Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը նորից սրվել է։  Այսօր Ռուսաստանը չի կարող հենց այնպես գլխավորել գոտեմարտը. դա հաստատ կուժեղացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ չի ստիպի Ադրբեջանին գնալ ինչ-որ զիջումների։ Բայց Մոսկվայի լռությունը կօգտագործվի միայն տարածաշրջանում նրա մրցակիցների կողմից, գրել է ՄՀՄՊՀ-ի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Forbes-ի կայքում։

Նոր զինված թեժացումը հայ-ադրբեջանական սահմանին որեւէ նոր թրենդ չի բացել էթնոքաղաքական հին հակամարտությունում։ Չնայած Լեռնային Ղարաբաղը դիմակայության միջուկն է, սա միակ տարածաշրջանը չէ, որտեղ Բաքուն եւ Երեւանը փորձում են ճշմարտության հասնել։ Հակամարտությունը ղարաբաղյան անվանել՝ նշանակում է լրջորեն պարզեցնել խնդիրը։ Երկու հարեւան պետությունները, պայքարելով իրար դեմ կատարյալ սահմանների համար, փորձում են գտնել ռազմավարական առումով ստուգված լուծումներ՝ երկար տարիների համար իրենց ազգային անվտանգության ապահովման նպատակով։ Եվ նրանց պատկերացումներում շահավետ տարածքային սահմանազատումը կօգնի հասնել այդ նպատակին։

Բայց նոր թեժացումը շատ ավելի հստակ, քան առաջ, ընդգծեց բոլոր կողմերի շահերը, խնդիրներն ու խոցելի տեղերը, որոնք այս կամ այն չափով ներգրավված են կովկասյան հակամարտային հանգույցներից մեկը քանդելու գործում։

«Խաղաղության պարտադրանք». ադրբեջանական վարկած

Երբ մենք խոսում ենք հայ-ադրբեջանական հակամարտության փուլերի մասին, ապա որպես երկու կարեւոր փուլ նշում ենք ղարաբաղյան երկու պատերազմները։ Եվ եթե առաջինում Հայաստանը ստացավ «անվտանգության գոտի» եւ տարածքային ընդլայնում, ինչը թույլ տվեց երկուսուկես տասնամյակի ընթացքում անտեսել քիչ թե շատ շահավետ զիջումները եւ փոխզիջումները, ապա երկրորդից հետո Ադրբեջանը ոչ թե պարզապես դուրս մղեց հին օրակարգը, այլեւ շրջանառության մեջ մտցրեց թեմաներ, որոնք մինչ այդ չկային բանակցային մենյուում։ Խոսքն, առաջին հերթին, միջանցքների մասին է, որոնք կկապեն երկրի արեւմտյան շրջանները եւ Նախիջեւանը։

Նայելով 2022թ. սեպտեմբերի մարտական գործողությունների քարտեզին՝ չի կարելի չնկատել, որ Ջերմուկ քաղաքը Հայաստանի հարավում, որը դարձել է բախումների էպիկենտրոններից մեկը, գտնվում է հենց Ադրբեջանի հիմնական տարածքի ու նրա էքսկլավի ճանապարհին։ Որպես ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլ հենց Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու պաշտոնական պատրվակ նշվել է «հայկական սադրանքին» պատասխանը։ Բայց «միջանցքի թեման» անխուսափելիորեն ծագում է Հարավային Կովկասի հեռանկարների մասին բանավեճերում, հատկապես եթե ուշադրության առնենք Բաքվի ձգտումը՝ կարգավորման գործընթացը չսահմանափակել բացառապես Ղարաբաղի խնդրով։ Այսպես, օգոստոսի 16-ին, այսինքն՝ Լաչինի շրջանում «Հատուցում» հաջող գործողության անցկացումից երկու շաբաթ հետո, Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Աբաս Խալիլովը հայտարարեց  Ղազախի շրջանի անկլավ գյուղերի (Երեւանում դրանք համարում են Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրեր)  հարցը միջպետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման մասին բանակցային օրակարգում ներառելու անհրաժեշտության մասին։

Օգոստոսի վերջին միանգամից երկու համաժողովում քննարկվել է կովկասյան երկու պետությունների միջեւ խաղաղության ձեռքբերման խնդիրը։ Մոսկվայում տեղի ունեցավ սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ խորհրդակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով, իսկ Բրյուսելում՝ եռակողմ գագաթաժողով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Եվ չնայած այսօր Ռուսաստանը եւ ԵՄ-ը միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ խաղաղ կարգավորման գործընթացում, նրանց օրակարգը շատ բանում նման է։ Միջնորդները փորձում են գտնել սահմանազատման կատարյալ գիծ Բաքվի եւ Երեւանի միջեւ։ Բայց եթե Հայաստանը 2020թ. հետո ի վիճակի չէ ամրացնել իր դիվանագիտական փաստարկներն ուժով, ապա Ադրբեջանը դա անում է առանց հատուկ դժվարության։ 2020թ. նոյեմբերից հետո նրան հաջողվել է էապես ճշգրտել այն ստատուս-քվոն, որը որոշվել էր երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով։ Ադրբեջանի իրավազորությանը Լաչինի շրջանի երեք բնակավայրերի հանձնման մասին որոշումը փաստորեն իրականացվեց ավելի արագ, քան պայմանավորվել էին 2020թ.։ Ադրբեջանին հաջողվեց նաեւ խորանալ հայկական տարածքում։ Եվ չի բացառվում, որ Երեւանին խաղաղության «պարտադրանքի» ուժային փրեսինգին Բաքուն նորից է դիմելու։ Օգտվելով նաեւ միջնորդների գործողությունների անհամաձայնություններից եւ գործընկերության շահերից՝ նրանց բոլորի հետ եւ յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին։

Միջնորդների անհամաձայնությունները

Մինչեւ 2022թ. հայ-ադրբեջանական կարգավորումն այն ոլորտն էր, որտեղ Ռուսաստանը եւ Արեւմուտքը համագործակցում էին միմյանց հետ՝ չնայած տարաձայնություններին, երբեմն էլ՝ բացահայտ առճակատմանը տարբեր ուղղություններով։ Այսօր սա անիրական է թվում, բայց 2021թ. դեկտեմբերին՝ Բրյուսելում առաջին եռակողմ գագաթաժողովի նախօրեին (այսուհետ այդ բանակցությունները կոչելու են «բրյուսելյան ձեւաչափ»), Շառլ Միշելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկեցին  եւ համաձայնեցրին ապագա բանակցային օրակարգը։ Բայց հետո, սկսած երկրորդ ռաունդից, բոլոր հանդիպումները «միասնական Եվրոպայի» մայրաքաղաքում տեղի են ունենում այնպես, ասես ոչ մի Ռուսաստան խաղաղության գործընթացում չկա։ Մամլո ամփոփագրերում չեն հիշատակվում ոչ ռուս խաղաղապահները Ղարաբաղում, ոչ Մոսկվայի հատուկ դերը սահմանազատման եւ սահմանագծման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը փաստացի սառեցվեց։ Այդ ձեւաչափն իրավաբանորեն կա, բայց գործնակամում համատեղ համակարգում գոյություն չունի։

ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը Մոսկվայի գործողությունները բացահայտ քննադատության չեն ենթարկում։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը սեպտեմբերյան թեժացման ժամանակ անգամ դիմել էր Ռուսաստանին՝ արյունահեղությունը կանգնեցնելու համար իր ունեցած բոլոր ռեսուրսներն օգտագործելու կոչով։ Բայց միեւնույն ժամանակ թվում է, թե Արեւմուտքը  հիասթափություն է տեսնում Մոսկվայի գործողություններից թե՛ Ադրբեջանում թե՛, հատկապես, Հայաստանում, որտեղ շատերը կարծում էին, թե երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կապահովի դաշնակիցների աջակցությունը։ Եվ փորձում է զգուշորեն խաղարկել դա։

Այսօր Ռուսաստանը հայտնվել է քննադատության խաչաձեւ կրակի տակ։ Բաքվում նրա գործողությունները համարում են Երեւանի հետ վերջնական կարգավորման ձգձգում, իսկ Հայաստանում հիասթափված են նրա զուսպ արձագանքից ինչպես սեպտեմբերյան իրադարձություններին, այնպես էլ Լաչինում օգոստոսյան սրացմանը։

Նենսի Փելոսիի այցը Երեւան սահմանային բախումների թեժ հետքերով՝ այն բանի վառ վկայությունն է, թե ինչպես է Նահանգները փորձում ակտիվացնել իր ջանքերը խաղաղության գործընթացում։ Անկախության բոլոր տարիներին դեռ ոչ մի անգամ ԱՄՆ նման մակարդակի պետական գործիչ չէր այցելել Հայաստան։ Մոսկվայի հետ բանավեճի մեջ չմտնելով՝  Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կոշտ դատապարտեց Ադրբեջանին եւ օգնություն խոստացավ Հայաստանին։ Այդ ժեստը, իհարկե, մի ակնթարթում չի փոխել հայերի հանրային տրամադրվածությունը։ Բայց Մոսկվայի հրապարակային պասիվության ֆոնին (որն իրականում «աշխարհին ներկայացնելու» բան ունի) նման արտահայտությունները նպաստում են Ռուսաստանի գործողությունների քննադատական ընկալմանը եւ Ամերիկայի դրական կերպարի ամրապնդմանը։

Մինչդեռ,  Երեւանի աշխարհաքաղաքական շրջադարձի կամ կարեւոր դաշնակցի փոփոխության մասին եզրակացություններ անելը, մեղմ ասած, ժամանակավրեպ է։ ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Վաշինգտոնի համար Անկարայի, Մոսկվայի եւ Թեհրանի եվրասիական դաշինքը վտանգավոր շրջադարձ կլիներ, որն ամերիկյան ստրատեգները փորձում են թույլ չտալ։ Եվ դրա համար Երեւանի եւ Բաքվի միջեւ ընտրություն Վաշինգտոնը չի կատարի, մանավանդ որ հայկական լոբբին (որի հետ կապված է Փելոսին) հավասարակշռվում է նավթային, ադրբեջանական եւ թուրքական լոբբիստների շահերով։ ԱՄՆ-ը, ինչպես եւ ԵՄ-ը, խիստ հետաքրրքված է Եվրոպա ածխաջրածնային հուքի մատակարարումների դիվերսիֆիկացմամբ։ Եվ այս առումով Ադրբեջանի դերը բավական մեծ է։

Հավասարակշռման սահմանները

Բայց Բաքվի եւ Անկարայի հետ  չեն ցանկանում վիճել ոչ միայն Բրյուսելն ու Վաշինգտոնը, այլեւ Մոսկվան։ Թուքրիան եւ Ադրբեջանը չնայած Ռուսաստանի հետ մի շարք լուրջ հակասություններ ունեն (Ղրիմի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակից մինչեւ էներգաքաղաքականության հարցեր), բայց բաց առճակատման չեն գնում։ Հակառուսական պատժամիջոցներին  նրանք չեն միանում, իսկ ցանկացած «պատուհանի» պահպանումն արտաքին աշխարհի հետ Մոսկվայի համար այսօր հատկապես կարեւոր է։ Ընդ որում՝ ներգրավված լինելով Ուկրաինայում «հատուկ գործողության» մեջ՝ Ռուսաստանի ղեկավարությունը ջանում է խուսափել Եվրասիայում որտեղ էլ որ լինի երկրորդ ճակատի մասին ցաննկացած ակնարկից։ Այստեղից էլ այն զսպվածությունը, որը Ռուսաստանը դրսեւորում է իր դաշնակցի հանդեպ։

Սակայն փաստը մնում է փաստ։ Այսօր Ռուսաստանը կանգնած է դժվարին երկընտրանքների առջեւ։ Այն չի կարող հետ քաշվել եւ դիտորդի դիրք ստանձնել։ Դա երաշխավորված կերպով կսրի հակառուսական տրամադրությունները Հայաստանում, նույնիսկ՝ այն շրջանակներում, որոնք նախկինում Մոսկվային միակ հուսալի դաշնակիցն էին համարում։ Բաքվի հետ համագործակցության տնտեսական օգուտները Երեւանի թանկարժեք աջակցությունից գերադասելն առնվազն խնդրահարույց է։ Ադրբեջանը չի ընտրի Ռուսաստանի եւ իր համար շատ կարեւոր ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ։

Արդյունքում կարող է ստացվել մի սցենար, երբ հակամարտության երկու կողմերն էլ կփորձեն հեռանալ Ռուսաստանից եւ նախապատվությունը տալ Արեւմուտքին՝ որպես չարյաց փոքրագույնի։ Այնուամենայնիվ, ցանկացած հնարավոր սահմանումներ չեն կարող թաքցնել գլխավորը՝ Մոսկվայի ազդեցության նվազումը նրա համար չափազանց կարեւոր տարածաշրջանում։ Այդ գործընթացը դեռ կանխորոշված ​​չէ։ Այսօր նույնիսկ ամերիկացիներն են ընդունում Ռուսաստանի հատուկ դերը խաղաղ գործընթացում։ Սակայն իր շահերի հաջող իրականացման համար Մոսկվան չի կարող գործել առանց հիմնարար փոփոխությունների իր տեղեկատվական քաղաքականության մեջ։ Նրա «գետնի վրա» ձգտումների եւ «սեւագիր աշխատանքի» մասին կարող են պարզապես հայտնի չիմանալ, իսկ լռությունը կրիտիկական իրավիճակներում ակնհայտորեն մրցակիցների կողմից իրենց օգտին կօգտագործվի։