ԱՄՆ առեւտրային օդատիեզերական Axiom Space ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ մինչեւ 2023 թվականը երկրի առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելու մասին, հայտնում է թուրքական կառավարամետ Star թերթը։

Թուրքիան մտադիր է համագործակցել Axiom Space-ի հետ՝ տիեզերագնաց ընտրելու համար, որը ճանապարհորդելու կմեկնի երկրի հարյուրամյակի տարում, Twitter-ում հայտնել է արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։

Առաքելությունը մաս է կազմում «Թուրքիայի 10-ամյա տիեզերական հավակնոտ ճանապարհային քարտեզի, որը ներառում է առաքելություններ դեպի ցածր մերձերկրյա ուղեծիր եւ Լուսին, ինչպես նաեւ միջազգային մակարդակով կենսունակ արբանյակային համակարգերի մշակում»:

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել էր երկրի ազգային տիեզերական ծրագիրը, որի նպատակն է տիեզերագնաց ուղարկել տիեզերք՝ ի լրումն Լուսին բացարձակապես հայրենական հրթիռի արձակման: Թուրքիայի հաղորդակցության վարչությունը այս տարվա մայիսին նախագահական շրջաբերական է հրապարակել «Ազգային տիեզերական ծրագրի ռազմավարական փաստաթղթի» վերաբերյալ, որում մանրամասն շարադրված է Թուրքիայի տիեզերական գործակալության ութամյա ռազմավարական ծրագիրը։