Զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնից հեռացրին եւ խոտերի մեջ նետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս պաշտոնյաների կողմից տեղադրված ծաղկեպսակները:

Նրանցից մեկն ասաց. «Էս 4 քմ-ն է մերը, մի արի, ասել ենք ու նորից ասում ենք՝ ինչ րարողություն էլ լինի, մի արի, մեր սրբվայր մի արի: Դերասանավարի չոքում է տղերքի շիրիմներին, ղալաթ ա անում, որ գալիս ա: Մեր տղերքը հանուն մեր ապագայի պայքարել են»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: