The National Interest ամսագիրը հրապարակել է ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկի հոդվածը, որտեղ հեղինակը պնդում է, որ Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» շտապ պետք է բացվի։ Այս հոդվածը, որոշ չափով, հիանալի կերպով արտացոլում է Հարավային Կովկասում Վաշինգտոնի իրական տրամադրությունները եւ ձգտումները՝ չնայած Երեւանում Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի «համարձակ» հայտարարություններին, որոնք ինֆանտիլիզմին սահմանակից խանդավառությամբ ընդունվեցին Հայաստանի իշխանությունների կողմից։

Ինչպես նշում է Բլանկը, «Հարավային Կովկասում սահմանային վերջին բախումները գրեթե մթագնել են Ուկրաինայում տեղի ունեցող առավել աղմկոտ իրադարձությունները: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերսկսված ռազմական գործողությունները, որոնք ամենադաժանն են 2020 թվականին Մոսկվայի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո, համաշխարհային նշանակություն ունեն: Այս երկու երկրների միջեւ ընթացող խաղաղության բանակցություններն այժմ սպառնալիքի տակ են, եւ, համապատասխանաբար, երկու երկրների միջով անվտանգ տարանցիկ կապերը, որոնցից կախված է համաշխարհային շուկան, այժմ սպառնալիքի տակ են»։ Միաժամանակ հեղինակը լիովին «մոռացել» է այն անվիճելի փաստի մասին, որ Ադրբեջանը հարձակվել է ինքնիշխան պետության տարածքի վրա։ Նրան ավելի շատ մտահոգում է այն փաստը, որ Հայաստանը, Ռուսաստանը շրջանցելով, «արգելափակում» է «Եվրոպայի եւ Ասիայի խոշոր նոր տրանսպորտային երթուղու կառուցումը»։ Եվ նա կարծում է, որ Հայաստանը պետք է «ապացուցի», որ «Արեւմուտքի բարեկամն է»՝ նույնիսկ ի վնաս սեփական պետական շահերի եւ անվտանգության։

«…Տարանցիկ երթուղիներն արդեն վտանգի տակ են Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Էներգիայի, սննդամթերքների եւ կոմերցիոն ապրանքների մատակարարման լուրջ խափանումները սեյսմիկ ցնցումներ են առաջացրել ամբողջ աշխարհի տնտեսություններում: Գազի եվրոպական գները սրընթաց աճում են այն բանից հետո, երբ Մոսկվան դադարեցրեց «Հյուսիսային հոսք 1» գազամուղի հասանելիությունը, իսկ արեւմտյան պատժամիջոցները խթանել են ամենաառաջնային պարենային ապրանքների գների աճն ամբողջ աշխարհում:

Հենց այս ֆոնին Հայաստանն այլեւս չի կարող հետաձգել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կարեւորագույն նոր տրանսպորտային երթուղու՝ Զանգեզուրի միջանցքի կառուցումը։ Այս միջանցքը, որը երկար քննարկվում էր, բայց ներկայումս արգելափակված է Հայաստանի կողմից, անցելու է Ադրբեջանի հարավարեւմտյան սահմանից Հայաստանով մինչեւ ադրբեջանական Նախիջեւան էքսկլավը, այնուհետեւ Թուրքիա եւ ավելի հեռուն: Դա բացակայող օղակ է Արեւելք-Արեւմուտք սակավաթիվ առեւտրային ուղիներից մեկում, որոնք կարող են շրջանցել Ռուսաստանը: Եթե Հայաստանն իսկապես Արեւմուտքի բարեկամն է, ինչպես պնդում է նրա մեծ սփյուռքը, ապա պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ եւ անմիջապես թույլ տա միջանցքի բացումը»,- նշում է Բլանկը։

Նրա պնդմամբ, Հայաստանը «հանձնառու է բացել միջանցքը 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի համաձայնագրի շրջանակներում»։ Ընդ որում, հեղինակը ինչ-որ կերպ «հաշվի չի առել» այն, որ հիշյալ հայտարարության մեջ խոսք չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Սակայն, համաձայն այս գործարքի պայմանների, Ռուսաստանը մնում էր միջանցքի պատասխանատու, որը վտանգավոր նախադեպ էր հետագա մեքենայությունների համար»,- գրում է նա: «Ավելի նախընտրելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանաձեւը, որի մասին հայտարարվել էր անցյալ տարվա դեկտեմբերին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ բանակցություններից հետո։ Միշելի ծրագիրը թույլ կտա յուրաքանչյուր երկրի վերահսկել միջանցքի այն հատվածը, որն անցնում է իր տարածքով՝ տեղ չթողնելով երրորդ կողմերի շահարկումների համար»։

«Զարմանալի չէ, որ ԵՄ-ն որոշակի հաջողությամբ փորձում է վերանայել բանակցությունների ընթացքը եւ դիմակայել իրավիճակը շահարկելու Մոսկվայի փորձերին: Ռուսաստանը շրջանցող անվտանգ «հարավային միջանցքի» որոնումը նորություն չէ, սակայն համաշխարհային աշխարհաքաղաքականության ներկայիս վիճակը թելադրում է հրատապության նոր մակարդակ։ Տեսականորեն փոխադրումների ամենահեշտ ճանապարհը պետք է լինի Իրանով։ Սակայն, հաշվի առնելով ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ իրանական երկաթուղու քրոնիկ թերֆինանսավորումը, դժվար է դա դիտարկել որպես անվտանգ կամ հուսալի տարբերակ: Սա որպես լուծում մատնանշում է Հարավային Կովկասը»,- կարծում է հեղինակը։

Նրա կարծիքով՝ վերջին տարիներին տարբեր գործոններ ուժեղացրել են տարածաշրջանը՝ որպես տարանցիկ օղակ։ «Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաջող համագործակցությունը հանգեցրել է նոր կապերի ստեղծմանը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին եւ Հարավային գազային միջանցքը, որոնք Եվրոպային ապահովում են կենսական կարեւորության կասպյան գազով եւ այլ ռեսուրսներով: Այս նախաձեռնությունն ավելի զարգացավ, երբ նախկին խորհրդային հանրապետությունները, ինչպիսիք են Ղազախստանը եւ Ուզբեկստանը, սկսեցին վառելիք եւ ապրանքներ ուղարկել Ադրբեջանի տարածքով՝ ի պատասխան Ռուսաստանի շրջափակման»:

Միաժամանակ նա ընդունում է, որ «հարավկովկասյան երթուղու օգտագործումն ունի իր թերությունները»։

«Չարագուշակ նշանները վկայում են Ռուսաստանի հետագա ներխուժման վտանգի մասին։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ «Ուկրաինայից հետո հաջորդ թիրախը Վրաստանն է», գրում է Բլանկը՝ որպես «ապացույց» վկայակոչելով Դմիտրի Մեդվեդեւին վերագրվող կեղծ գրառումը, որտեղ նա իբր Ղազախստանն ու Վրաստանն անվանել է «արհեստական» ստեղծագործություններ։ «Թեեւ տասը րոպեից հաղորդագրությունը ջնջվել է, եւ մեղքը բարդվել է «հաքերների վրա», այն միայն հաստատել է Ռուսաստանի հնարավոր ապագա մտադրությունների վերաբերյալ կասկածները։ Ուստի Վրաստանի տարածքով միջանցքը ոչ հուսալի լուծում կարող է լինել երկարաժամկետ ներդրումների համար, ոչ էլ ռուսական միջամտությունից լիովին մեկուսացված երթուղի»,- վստահ է հեղինակը։

Արդյունքում, եզրակացնում է նա, «լավագույն լուծումը Զանգեզուրի միջանցքն է, որը հանդիսանում է ռազմավարական տրանսպորտային երթուղու մի մասը, որը ձգվում է Բաքվից Կարս՝ Թուրքիայի արեւելյան նահանգ, եւ Հայաստանի տարածքով՝ Իրանի հետ սահմանի մոտ: Զանգեզուրի միջանցքը կդառնա Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ ցամաքային տրանսպորտային ամենակարճ ճանապարհը»։

Վերջում Բլանկը նշել է, որ Հայաստանին նույնպես դա «ձեռնտու է». «Հայաստանը նշանակալի շահ կունենա՝ բացելով մատակարարման համաշխարհային շղթայում բացակայող օղակը»։ Այնուհետեւ նա մեղադրում է Երեւանին «իր պարտավորություններից հրաժարվելու» փորձի համար։ «Արեւմուտքի հետ գործընկերությանն ուղղված արտաքին քաղաքականության դեպքում իրականությունն այլ է: Հայաստանը ամուր արմատավորված է որպես Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից եւ կախյալներից մեկը, ինչը լուրջ քաղաքական երկընտրանք է երկրի ղեկավարության համար։ Շարունակելով արգելափակել Զանգեզուրի միջանցքը՝ Հայաստանը խաղում է համաշխարհային տնտեսությունը հափշտակելու Մոսկվայի սցենարով»։

Բացի այդ, հեղինակը ցավում է, որ «ժողովրդական հակաթուրքական եւ հակաադրբեջանական» հռետորաբանությունը «նեղացրել է հայ քաղաքական գործիչներին հասանելի տարածքը՝ հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»:

Նրա կարծիքով, «հիմա ժամանակն է, որ Հայաստանը որոշի, թե արդյոք ինքն Արեւմուտքի բարեկամն է, ինչպես հաստատակամորեն պնդում է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում նրա ուժեղ եւ բարձրաձայն սփյուռքը, թե ոչ։ Եթե այո, ապա նա պետք է վերսկսի խաղաղության բանակցությունները Ադրբեջանի հետ եւ օգնի բացել Զանգեզուրի միջանցքը։ Համաշխարհային մատակարարման ուղիների ռուսական շրջափակման պայմաններում քիչ են կենսունակ լուծումները Արեւելքից Արեւմուտք ապրանքներ տեղափոխելու համար: Դրանցից, որպես ամենաօպտիմալ, առանձնանում է Զանգեզուրի միջանցքը»,- եզրափակում է Բլանկը։