Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցի գլխավորությամբ, հանդիպել են Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի  և ուսխորհրդի անդամների հետ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր նաև ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների հետ կապված հարցեր:

Խորհրդարանականները ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը  ՀՀ-ում ունեցած հանդիպումների մանրամասները: Նրանք ընդգծել են, որ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի Արցախում, առանց մեր ժողովրդի ու իշխանության որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու՝ հայաստանյան գործընկերների հավաստիացումները պատգամավորները փոխանցեցին հանրությանը:

Խորհրդարանականները պատասխանեցին դասախոսական կազմի և ուսանողության հարցադրումներին: Նրանք նշեցին, որ խաղաղության օրակարգը տեսնում են Արցախի ինքնիշխանության պահպանման ու Հայաստանի անձեռնմխելիության պայմաններում:

Ստեղծված իրավիճակում   պատգամավորները երկպառակտությունից խուսափելու, տարաձայնությունները մի կողմ թողնելու, ազգային օրակարգի շուրջ համախմբվելու  կոչով հանդես եկան:

Ամփոփելով հանդիպումը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շեշտեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, օրենսդիր-ժողովուրդ կապի  ամրապնդումը: ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը  նշեց, որ  հանդիպումների շարք են նախատեսում  հանրության լայն շերտերի հետ: