«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած մասնակի փլուզումից հետո մինչեւ հիմա վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան չի հանվել փլատակներից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին անմիջապես փլուզված պատի հարեւանությամբ գործող խանութների աշխատակիցներն իրենց իրերն են հանում խանութներից:

Նրանք չցանկացան հարցազրույց տալ, սակայն նշեցին, որ եթե չաշխատեին իրենց վարկերն ով պետք է փակեր: Ըստ տեղի աշխատողների, պայթյունից հետո էլ ոստիկանները միշտ տարածքում են եղել, հերթապահություն են իրականացրել:

Վնասված «Մերսեդեսի» սեփականատեր Համիկ Ավագյանը, ով տարածքի աշխատակից է, մեզ հետ զրույցում պատմեց, որ երեկ մեքենան կայանելուց հետո գնացել է պահեստ, իսկ երբ քամին ուժգնացել է, որոշել է գալ ու մեքենան հանել, բայց մյուս աշխատակիցները թույլ չեն տվել, ասել են՝ վտանգավոր է, քամին կհանդարտվի, նոր կգնաս:

Քիչ անց լսվել է պատի փլվելու ձայնը, եկել տեսել են, որ մենքենան մնացել է փլատակների տակ: Համիկ Ավագյանը խնդրում է, որպեսզի պատկան մարմինները գան ու հանեն մեքենան:

Նշենք, որ Երեւանի Քրիստափորի փողոցը, որ երեկ կրկին ժամանակավոր փակվել էր, նորից միակողմանի բբացվել է:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ ԱԻՆ-ի տվյալների կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել էր,  որ սեպտեմբերի 2-ին ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունն իրականացրել է Երևանի «Սուրմալու» առևտրի տարածքի զննություն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, ինչի մասին տեղեկացվել է չորս գերատեսչություն։