Հունգարիայի կառավարող կուսակցությունն առաջարկում է երկրի քաղաքացիների հարցում իրականացնել՝ պարզելու համար, թե արդյոք նրանք աջակցում են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին, տեղեկացրել է AP-ը։

 «Ֆիդեսը» նախատեսում է գումարել «ազգային խորհրդակցություններ»՝ էներգետիկ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք ընդունել է ԵՄ-ի «բրյուսելյան «էլիտան», ասել է կուսակցության խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը։

«Պատժամիջոցները վնաս են հասցնում։ Դրանք քայքայում են Եվրոպայի տնտեսությունը»,- ասել է Կոչիշը։ «Մենք պետք է համոզենք որոշում ընդունող եվրոպացի անձանց, էլիտայի ներկայացուցիչներին, որ իրենք չպետք է պաշտպանեն էներգետիկ պատժամիջոցները, որովհետեւ հակառակ դեպքում մեծ խնդիրներ կառաջանան»։

Հարցումը, որը կառավարությունն անվանում է «ազգային խորհրդակցություն», ոչ պաշտոնական է, որը կարելի է ուղարկել փոստով կամ լրացնել օնլայն։

Մամուլի ասուլիսում Կոչիշը խոստովանել է, որ խորհրդակցությունները «քաղաքական գործիք» են, որը կառավարությունը կարող է օգտագործել ԵՄ-ի հետ իր բանակռիվներում այն մասին, թե արդյոք պետք է երկարացնել կամ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ։ Նա ասել է, որ կառավարությունը կընդունի որոշում հարցման անցկացման ժամկետի մասին։

Հունգարիայի կառավարությունը բացահայտ դեմ է հանդես եկել Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցներին՝ պնդելով, որ դրանք ավելի շատ վնաս են հասցնում եվրոպական տնտեսությանը, քան թե Ռուսաստանին։ Բուդապեշտը նաեւ հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինա կամ թույլ տալ, որ այն անցկացվի իր սահմանով։