Իմ մասին տարբեր ժամանակներում ինչ ասես չեն խոսել, հիմա էլ, ենթադրում եմ՝ շարունակում են խոսել, բայց պետք է գնահատել այն գործերով, որոնք արվելեն ու արվելու են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ նշանակված  Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ինքը փոխքաղաքապետից հետո կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը, որից հետո ճանապարհ է հարթելու դեպի վարչապետի պաշտոնը:

Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ այն աշխատանքը, որ հիմա անելու եք, Երեւանի ընտրությունների ժամանակ օգտագործվելու է որպես PR, նա պատասխանեց. «Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երեւանում խնդիրները լուծումներ ստանան, որ երեւանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին երազել են: Ես աշխատելու եմ արդյունք ստանալու համար եւ այս փուլում որեւէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել»:

Անդրադառնալով իր առաջիկա անելիքներին, Ավինյանն ասաց. «Հրավառությունների մասին գործող կարգավորումներն անտրամաբանական են, աղմուկի վերաբերյալ առհասարկ մեր քաղաքում շատ խնդիրներ կան:

Թաղապետների հետ արդեն ինտենսիվորեն աշխատանքը տարվում է ապաստարանների վիճակը գնահատելու եւ այդ շենքի համապատասխան բնակիչներին առնվազն տեղեկացնելու, թե որտեղ է իրենց ապաստարանը եւ ինչով պետք է կահավորենք»:

Հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում վնասված շենքը, նա արձագանքեց. «Այստեղ կան փոխգործակցության որոշակի խնդիրներ, եւ ես այստեղ եմ այդ փոխգործակցության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի չստացվի այնպես, որ մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը»:

Անդրադառնալով տրանսպորտի խնդիրներին, Ավինյանը տեղեկացրեց, որ քաղաքը շարունակում է ավտոբուսներ ձեռք բերել, համակարգի որոշակի հատված նաեւ մասնավորին է տրվելու՝ քաղաք-մասնավոր համագործակցության շրջանակներում: