«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում գտնվող շինությունն իրեղեն ապացույց է, դրա համար քանդման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, դա չէր կարող բավականաչափ հիմք լինել, որպեսզի արգելվեր դրա հետագա ապամոնտաժումը։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ սեպտեմբերի 23-ին ասել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Ավագանու անդամը համոզված է. շինությունը, որն իրեղեն ապացույց է, պետք է սահմանազատվեր։

«Քաղաքապետի մեղքն այստեղ ես չեմ տեսնում, քանի որ մայրաքաղաքում բազմաթիվ այլ շինություններ կան՝ սեյսմակայունության ճիշտ նույն խնդիրներով։ Դրանք գտնվում են մասնավոր սեփականության տիրույթում եւ փլուզման վտանգի տակ են... Քաղաքապետարանը չի կարող պարզապես վերցնել ու մտնել ուրիշի տարածք եւ սկսել քանդել այն։ Դա մասնավոր սեփականություն է։ Դրա համար հստակ ցուցումներ պետք է լինեն»,- ընդգծել է Խաժակյանը։

Հիշեցնենք, որ փլուզման հետեւանքով տուժել են երեք մարդ եւ մեքենաներ։