Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ուղիղ առեւտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է 270 միլիոն դոլար, այն էլ՝ փակ սահմանների եւ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պայմաններում։ Հաշվի առնելով Վրաստանի տարածքով վերաարտահանումը, այս կամ հաջորդ տարի թուրքական ապրանքների իրական ներմուծումը Հայաստան կարող է հասնել 400 մլն դոլարի։ Ընդ որում, Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմում է ներմուծման հարյուրերորդ մասը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ այս փուլում Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ բոլոր տեսակի հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը, քանի որ վստահության խնդիր կա։ Ինքը՝ Թուրքիան, հիշեցնում է տնտեսագետը, ժամանակին կոպտորեն խախտել է իր պարտավորությունները «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում եւ հրաժարվել է վավերացնել Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները։

«Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է կապեր հաստատելու հարցում, օրինակ, նա կարող է օգնել օկուպացված տարածքներում ներքին հաղորդակցությունների բացմանը։ Նման դեպքում Թուրքիան պարտավոր է Հայաստանին ելք տրամադրել դեպի ծով, այն էլ՝ անվճար։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կոնկրետ տնտեսական ասպեկտներին, ապա դրանք ներկայումս այդքան էլ ուրախալի  չեն թվում Հայաստանի համար։ Թուրքական տնտեսության մրցունակությունը ավելի բարձր է: Բացի այդ, դեռ 1993 թվականին Թուրքիայի խորհրդարանը արգելք է սահմանել հայկական ապրանքների ներմուծման վրա։ Այս պայմաններում մենք կարող ենք կորցնել տեղական արտադրությունը։ Այսօր ճանապարհների ապաշրջափակման գաղափարը լիովին համապատասխանում է երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Այստեղ որեւէ կերպ հաշվի չեն առնվում Հայաստանի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ նույնիսկ մարդասիրական շահերը։ Թուրքիայի առավելություններն ակնհայտ են՝ նա հնարավորություն է ստանում իր ապրանքներն Ադրբեջանի տարածքով ուղարկել Կենտրոնական Ասիա, ինչպես նաեւ ներմուծել իր հումքը, այդ թվում՝ նավթը»,-հավելեց Մանասերյանը։ 

Փորձագետը կարեւորեց տնտեսական իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները եւ դրա վրա Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցության աստիճանը հաշվի առնելը։ «Տեսականորեն Հայաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից եւ գտնել նոր մոտեցումներ եւ նոր լուծումներ։ Բայց դրա համար պետք է լրջորեն զբաղվի տնտեսական դիվանագիտությամբ»,-եզրափակեց Մանասերյանը։