Հունգարիան, ամենայն հավանականությամբ, կշահի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա իշխանության, քանի որ երկու երկրները ունեին «լավագույն քաղաքական հարաբերությունները» նրա կառավարման տարիներին։ Այս մասին Fox News Digital-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Մենք պետք է ազնիվ լինենք։  Թրամփի նախագահության օրոք մենք ունեինք լավագույն քաղաքական հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասել է նա։

Հարցին, թե Հունգարիան կցանկանար, որ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, Սիյարտոն ասել է, որ  «գրեթե վստահ է», որ նույն լավ հարաբերությունները կվերսկսվեն, եթե Թրամփը հաղթի առաջիկա ընտրություններում։

«Պատժամիջոցներն ավելի շատ վնաս են հասցնում մեզ՝ եվրոպացիներիս, քան ռուսներին»,-հավելել է նա։ 

«Եվրոպայում էներգիայի մատակարարման հուսալիությունը գործնականում բացակայում է։ Էներգակիրների մատակարարման ճգնաժամ՝ ոչ միայն գնային, այլեւ ծավալային առումով, էլ չեմ խոսում ինֆլյացիայի ու սննդի մասին։ Ուստի պատժամիջոցների քաղաքականությունը չի հանգեցրել արդյունքների, ինչը սպասում էին ԵՄ-ն ու Բրյուսելը»․-ընդգծել է Սիյարտոն։