Եվրամիությունը պետք է լրջորեն վերաբերվի Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությանը։ Այս մասին շաբաթ օրը բրիտանական հեռարձակող BBC ընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ։

«Երբ մարդիկ ասում են, որ իրենք բլեֆ չեն անում, նրանց պետք է լուրջ վերաբերվել,- ասել է նա՝ մեկնաբանելով չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը,- Հիմա, անկասկած, վտանգավոր պահ է»։

Միաժամանակ Բորելը կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային, այդ թվում՝ զենքով, եւ չդադարեցնեն հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը։

«Բոլորը, ովքեր գնացել են Մոսկվա, այցելել Կրեմլ, որպեսզի զրուցեն Պուտինի հետ, նրանից ստացել են նույն պատասխանը. «Ես ռազմական նպատակներ ունեմ, եւ քանի դեռ դրանց չեմ հասել, կշարունակեմ մարտական գործողությունները»: Սա, իհարկե, տագնապալի ընթացք է, սակայն մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Նրա խոսքով՝ հակամարտությունը պետք է կարգավորվի «դիվանագիտական միջոցներով», ընդ որում՝ այնպես, որ «պահպանվի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ «Հակառակ դեպքում, ավարտելով պատերազմը, մենք խաղաղության չենք հասնի եւ կստանանք եւս մեկ պատերազմ [ապագայում]»,- կարծում է Բորելը։

Նա նաեւ խոստովանել է, որ էներգակիրների գների աճը, որը հակամարտության հետեւանք է, մեծ մտահոգություն է առաջացնում Եվրոպայում։

«Իմ երկրում մարդիկ ինձ ասում են, որ գազի գների աճի պատճառով այլեւս չեն կարող աշխատել, շարունակել բիզնեսով զբաղվել»,- ասել է Բորելը` հավելելով, որ էներգետիկ ճգնաժամի պատճառով տագնապի մեջ են ոչ միայն եվրոպական առաջնորդները, այլեւ Աֆրիկայի, Հարավարեւելյան Ասիայի եւ Հարավային Ամերիկայի պետությունների ղեկավարները։