Արիզոնայում այս ամսվա սկզբին սամուրայ սրով զինված տղամարդը գնդակահարվել եւ սպանվել է ոստիկանների կողմից ոստիկանական բաժանմունքի մոտ այն բանից հետո, երբ սկսել է բարձրացրած սրով շարժվել դեպի սպաները, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին 39-րդ պողոտայի եւ «Կակտուս Ռոդ»-ի մոտակայքում՝ Ֆենիքսի «Կակտուս Փարկ» ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների ավտոկայանատեղի մուտքի մոտ, հայտնել են ոստիկանության Ֆենիքսի բաժնից։

Ականատեսները զանգահարել են 911 եւ ասել, որ տղամարդը գոտկատեղից հանել է սամուրայի սուրը եւ սկսել մի քանի րոպե հարվածել ոստիկանական բաժանմունքի ցանկապատին, հայտնել են ոստիկանությունից: Ապա տղամարդը սուրը ձեռքը վազել է դեպի երկու մոտեցող ոստիկանները՝ անտեսելով այն իջեցնելու հրամանները:

Այնուհետեւ սպաները կրակել են տղամարդու վրա։

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը 40-ամյա Ահարոն Բաուման է: Բաումանին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է հրազենային վիրավորումից։

 Դեպքի վայր է ժամանել մի տղամարդ եւ մոտեցել Բաումանին։ Սպաները տղամարդուն հրամայել են կանգ առնել եւ բերման են ենթարկել։ Ավելի ուշ պարզվել է, որ դա Բաումանի հայրն է։

Դեպքի վայրում ոստիկանները սամուրայի սուր են հայտնաբերել. նախաքննությունը շարունակվում է։

Կատարվում է նաեւ ծառայողական քննություն՝ պարզելու, արդյոք սպաների գործողությունները համապատասխանել են վարչության քաղաքականությանը եւ օրենքին։