Եվրամիությունը պետք է դադարեցնի ադամանդների ներմուծումը Ռուսաստանից, հայտարարել են ԵՄ 27 երկրներից հինգն իրենց համատեղ առաջարկում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը։

Սպասվում է, որ Եվրոպական հանձնաժողովը ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին պաշտոնական առաջարկն այս շաբաթ կներկայացնի անդամ պետություններին։

Լեհաստանը, Իռլանդիան, Լիտվան, Էստոնիան եւ Լատվիան առաջարկել են պատասխան արգելք մտցնել Ռուսաստանից ադամանդների ներկրման վրա։

Անտվերպենի ադամանդի համաշխարհային կենտրոնը հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկեն բիզնեսի մոտ 30 տոկոսը եւ օգուտ կբերեն մրցակցող առեւտրային կենտրոններին՝ ավելացնելով, որ հաճախորդներն իրենք պետք է որոշեն՝ արդյոք իրենք ցանկանում են ռուսական թանկարժեք քարերը։

Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը եւ ԵՄ-ում դիվանագիտական ներկայացուցչությունը չեն պատասխանել մեկնաբանելու մասին հարցումներին։

Բայց սեպտեմբերի 14-ին վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն հայտարարել էր ադամանդի միջազգային համաժողովում, որ այդ արգելքը «հսկայական վնաս» կհասցնի ճյուղին, որին բաժին է ընկնում Բելգիայի արտահանման 5 տոկոսը, եւ որը մոտ 30 000 աշխատատեղ ունի։

Բայց ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը եւ դիվանագետը, որոնք մասնակցել են Ռուսաստանի դեմ նոր միջոցների պատրաստմանը, հայտարարել են, որ սպասվում է, որ Բելգիան կհանի իր վետոն։

Հետեւելով նոր պատժամիջոցների մասին հանձնաժողովի առաջարկին՝ դիվանագետները եւ նախարարները բանակցություններ կվարեն այնքան ժամանակ, մինչեւ որ ձեռք բերվի կոնսենսուս, հակառակ դեպքում հարցը կհանձնվի 27 ազգային ղեկավարներին՝ Պրահայում հոկտեմբերի 6-7-ի հանդիպման ժամանակ քննարկելու համար։