Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ: Նրանք պահանջում են ՊՆ-ից տեղեկություններ հայտնել իրենց որդիների մասին:

Զինծառայողների ծնողները համոզված են, որ իշխանություններն այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չեն անում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա էր սկսել Հայաստանի դեմ՝ օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր: Ադրբեջանի զինուժը գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։

Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։