Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-օգոստոսին 13.9 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (հունվար-հուլիսին եղել է 13,1 տոկոս): Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9.2 տոկոսով (հունվար-հուլիսին եղել է 7 տոկոս):

Շինարարության ծավալը 2022-ի առաջին 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.2 տոկոսով (հունվար-հուլիսին եղել է 13,6 տոկոս):

Առևտրի շրջանառությունում 2022-ի հունվար-օգոստոսին 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 13.6 տոկոս (հունվար-հուլիսին եղել է 12,5 տոկոս), իսկ 8 ամսում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 27.1 տոկոսով (հունվար-հուլիսին եղել է 27,5 տոկոս):

2022 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել է 8.4 տոկոսով (հունվար-հուլիսին եղել է 8,3 տոկոս), արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.1 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.6 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարի 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 56.2 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 52.9 տոկոսով (հունվար-հուլիսին՝ 43,9 տոկոս), իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով (հունվար-հուլիսին՝ 50,1 տոկոս):

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 453.27: