Արդի աշխարհը համարձակորեն կարելի է անվանել անորոշության ժամանակաշրջան համաշխարհային քաղաքականությունում, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել գլոբալ փոփոխությունները։ Պատերազմը Եվրոպայի կենտրոնում խախտում է ուժերի հավասարակշռությունն աշխարհում, խորացնում հակասություններն առաջատար տերությունների միջեւ։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Տոկիոյում, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «Անադոլու»-ն։

Չավուշօղլուն նշել է, որ կան խաղացողներ, հատկապես Արեւմուտքում, որոնք կողմ են պատերազմի շարունակմանն Ուկրաինայում։ «Այդ խաղացողները կարծում են, թե պատերազմը շարունակելը կթուլացնի Ռուսաստանին։ Բայց փաստն այն է, որ հիմնական վնասը կկրի Ուկրաինան»,- նշել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նշել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսությունը վերականգնելու նշանակալիությունը։

«Նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանը կշարունակի բանակցությունները [Վլադիմիր] Պուտինի եւ [Վլադիմիր] Զելենսկու հետ։ Մեր նպատակը երկու ղեկավարների հանդիպումը կազմակերպելն է՝ պետությունների ղեկավարների մակարդակով որոշում կայացնելու համար։  Այս պատերազմի հետեւանքների համար վճարում է ամբողջ աշխարհը»,- ասել է թուրք նախարարը։ Նա ընդգծել է «արդարացի խաղաղության» կնքման նշանակալիությունը։ «Ներկայում օկուպացված հողերն Ուկրաինայի հողերն են»,- ավելացրել է Չավուշօղլուն։

«Թուրքիան ամենասկզբից չէր ընդունում Ղրիմի անօրինական անեքսիան, ինչի մասին հստակ հայտարարել է Ռուսաստանին։ Մենք նաեւ չենք ընդունի Ուկրաինայի տարածքում հանրաքվեների արդյունքները»,- շարունակել է նա։

Նրա խոսքով՝ մարդկությունն ապրում է բազմաբեւեռ աշխարհում, իսկ հակասություններն ի հայտ են գալիս ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիական տարածաշրջանում, որի ցայտուն օրինակը Թայվանի թեման է։ «Ցավոք, գործող միջազգային համակարգն ի զորու չէ պատասխանել արդիականության մարտահրավերներին։ Համագործակցության պլատֆորմի փոխարեն տեղի են ունենում ակտիվ մրցակցություն եւ պայքար»,- նշել է Չավուշօղլուն։