Ռուս-վրացական սահմանին «Վերին Լարս» անցակետի մոտ զրահափոխադրիչով ռուս զինվորականներ են նկատվել։ ՌԴ ԱԴԾ-ից ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել են այս փաստը՝ նշելով, որ դա արվել է, քանի որ կա մտահոգություն, որ հերթում կանգնած մարդիկ որոշեն ճեղքել սահմանը։

«Զրահափոխադրիչը շարժվում է այնտեղ, բայց այն չի շարժվում բլոկպոստ ստեղծելու համար, դա, կոպիտ ասած, ռեզերվ է ամեն դեպքում, եթե հերթում կանգնածները ցանկանան հատել սահմանը եւ առանց սահմանային ֆորմալությունների ձեւակերպման լքել երկիրը»,- հայտնել են ԱԴԾ-ում։

Գերատեսչությունում հայտնել են, որ բլոկպոստեր չեն տեղադրվելու՝ նշելով, որ «Վերին Լարս»-ի անցակետն աշխատում է բնականոն հունով։

ԱԴԾ-ում ընդգծել են, որ զինվորական տարիքի արական սեռի քաղաքացիների ելքի սահմանափակումներ չեն սահմանվել, հայտնում է NEWS.ru-ն։ https://news.ru/

Սեպտեմբերի 21-ից «Վերին Լարս»-ի վրաց-ռուսական ցամաքային սահմանին Վրաստան մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիների բազմակիլոմետրանոց հերթեր են գոյացել։ Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։