Տաջիկստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Dushanbe City Bank-ը, տեխնիկական պատճառներով դադարեցրել է «Միր» վճարային համակարգի քարտերի սպասարկումը, ասվում է վարկային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

«Միր»  քարտերը չեն սպասարկվում ոչ բանկոմատներում, ոչ էլ POS տերմինալներում, նշում է բանկի պաշտոնական հեռագրային ալիքը։

Ավելի վաղ թուրքական Isbank-ը եւ DenizBank-ը նույնպես հայտարարել էին «Միր» քարտերի սպասարկման կասեցման մասին՝ կապված ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) նախազգուշացման հետ։

Ազգային վճարային քարտերի համակարգի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւը, մեկնաբանելով օտարերկրյա բանկերի հայտարարությունները «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելու մասին, ասել է, որ այս իրավիճակի շուրջ մտավախությունները որոշակիորեն չափազանցված են։

«Թուրքիան թերեւս ամենացավոտ թեման է։ Իսկապես, մեր հինգ գործընկեր բանկերից երկու առեւտրային բանկեր դադարեցրել են համագործակցությունը։ Նրանք մեզ տեղեկացրին այս մասին, սակայն մյուս երեք բանկերը շարունակում են տարբեր մակարդակի համագործակցությունը: Ինչ-որ մեկն աշխատում է նաեւ ՌԴ պատժամիջոցների տակ գտնվող բանկերի քարտերով»,- ասել է նա։

Վիետնամական BIDV-ն նույնպես դադարեցրել է համագործակցությունը «Միր» վճարային համակարգի հետ։

Սեպտեմբերի 15-ին OFAC-ը պարզաբանում է հրապարակել, ըստ որի՝ ոչ ամերիկյան ֆինանսական հաստատությունները, համաձայնագրեր կնքելով ռուսական NSPK-ի հետ, կարող են ներգրավվել ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործողություններում՝ ընդլայնելով «Միր» վճարային համակարգի օգտագործման տարածքը Ռուսաստանի Դաշնությունից դուրս: Պարզաբանման մեջ նշվել է նաեւ, որ NSPK-ն պատժամիջոցների ցուցակում չի եղել ։

Ռուսաստանի բանկը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշել է, որ մտադիր է շարունակել երկխոսությունը օտարերկրյա գործընկերների հետ՝ «Միր» քարտերի ընդունման աշխարհագրության ընդլայնման շուրջ։

Ներկայումս NSPK-ի կայքում հասանելի չէ տեղեկատվություն երկրների մասին, որտեղ ընդունվում են «Միր» քարտերը: Սեպտեմբերի սկզբի դրությամբ «Միր» քարտերն ընդունվել են 11 երկրներում՝ Թուրքիա, Վիետնամ, Հարավային Կորեա, Հայաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Հարավային Օսիա եւ Աբխազիա։ Քարտերի ընդունման հնարավորությունը մշակվել է նաեւ Կուբայի, Եգիպտոսի եւ Վենեսուելայի հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։