Եվրամիությունը երկուշաբթի օրը դատապարտել է Ռուսաստանի հետ արտաքին քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու Սերբիայի որոշումը՝ ասելով, որ դա հարցեր է առաջացնում այն ​​դեպքում, երբ Բրյուսելը դաշինքին կոչ է անում միանալ Մոսկվայի համագործակցությունը չշարունակելուն կոողմ պետություններին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ իր սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչը ուրբաթ օրը ստորագրել են փաստաթուղթ, որը կոչվում է «խորհրդակցությունների ծրագիր»:

Սելակովիչը նշել է, որ ծրագիրը նախատեսում է խորհրդակցություններ երկկողմ եւ բազմակողմ գործունեության վերաբերյալ: Թեւ դրանում անվտանգային քաղաքականության մասին ոչինչ չկա սերբական ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են փաստաթուղթը։

Սերբիան, որը երկու տասնամյակ առաջ ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի կողմից եւ այժմ ձգտում է միանալ Եվրամիությանը, երկար ժամանակ պայքարում է Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ կապերի եւ Արեւմուտքի հետ տնտեսական ու քաղաքական ինտեգրման ցանկության միջեւ հավասարակշռություն գտնելու համար:

Երկուշաբթի օրը Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԵՄ գործադիր հանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն նշել է, որ «ռուս-սերբական խորհրդակցությունների մասին նոր փաստաթուղթը ստորագրվել է ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է Ուկրաինայում ընթացող պատերազմի համար իր մոբիլիզացիայի մասին եւ հանրաքվեի քվեարկություն սկսել՝ զավթած տարածքների բռնակցման համար»։

«Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը շատ հստակ նշան էր նրանց կապերն ամրապնդելու մտադրության մասին: Եվ դա լուրջ հարցեր է առաջացնում», - ասել է Ստանոն:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներին հասկացրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկա պայմաններում չեն կարող սովորական բիզնես լինել։ Սերբիան ԵՄ-ին անդամակցելը հայտարարել է ռազմավարական առաջնահերթություն, ինչը նշանակում է համապատասխանություն եվրոպական քաղաքականությանը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության հարցերում։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում դրան եւ հետեւում ենք զարգացումներին»,- ասել է նա։

Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարության մեջ Ռուսաստանի հետ ստորագրված հուշագիրն անվանել է «տեխնիկական փաստաթուղթ» եւ ասել է, որ ԵՄ պաշտոնյաները «չեն ցանկանում թույլ տալ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին անկախ քաղաքականություն վարել»։

Սերբիան ավելի վաղ հրաժարվել էր միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն կիրակի օրը Սելակովիչը հայտարարել է, որ Սերբիան չի ճանաչի Մոսկվայի կողմից վերահսկվող Ուկրաինայի արեւելյան շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները:

«Դա կհակասի մեր ազգային շահերին», - իր կայքում նրա խոսքերն է մեջբերել նոր N1 հեռուստաալիքը։ Սերբիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը երկիրը հռչակել է 2008 թվականին։