Ամերիկացի Թարեք Սալահը խոսել է Ֆրանսիա իր անհաջող այցի մասին. նա մեկնել է՝ 1994 թվականի Ferrari F355 մակնիշի ավտոմեքենա գնելու: Մինչ գործարքը կնքելը, գնորդն ու վաճառողը գնացել են տեղի տեխնիկական կենտրոն՝ գնահատելու մեքենայի վիճակը։ Սակայն մայրուղում թեստ-դրայվ իրականացնելիս մեքենան բռնկվել է։

Սալահն ասել է, որ տեխզննման ճանապարհին բենզինի հոտ է զգացել, սակայն ոչ մի կարեւորություն չի տվել դրան։ Անցել է որոշ ժամանակ, եւ կողքով անցնող մեքենաները սկսել են ազդանշան տալ Ferrari-ի վարորդին՝ շարժիչի հատվածում բռնկված հրդեհի մասին։

Տղամարդիկ այրվող մեքենայից դուրս են ցատկել ուղիղ դեպի մայրուղի եւ զանգահարել հրշեջ ծառայություն։ Մինչ փրկարարները ժամանել են դեպքի վայր, կրակն ամբողջությամբ ոչնչացրել է վինտաժ սուպերքարը, որը, բացի իր կատարյալ տեսքից, առանձնանում էր սպորտային նստատեղերով, գրում է Motor-ը։