Պետդեպարտամենտում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել Հունաստանի հասցեին Անկարայի՝ հունական կղզիները ռազմականացնելու մեղադրանքների մասին հարցին՝ վկայակոչելով «ռուսական ագրեսիան»։

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը անհանգստանում է «Հունաստանի սադրած լարվածությամբ կամ սրացմամբ», Փրայսը պատասխասնել է. «Մեր հիմնական ուղերձն այն է, որ այն դեպքում, երբ Ռուսաստանը հերթական անգամ ներխուժել է ինքնիշխան պետություն, իսկ տրանսատլանտյան հանրությունը եւ միջազգային հանրույթն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ, հիմա հայտարարությունների կամ ինչ-որ գործողությունների ժամանակը չէ, դա կարող է ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ։ Մենք շարունակում ենք ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին համատեղ աշխատանքի կոչ անել՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման եւ ցանկացած տարաձայնության, որոնք կարող են ծագել նրանց միջեւ, դիվանագիտական ճանապարհով լուծման համար»։

Հունական կղզիների «պատկանելության» մասին ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին «կոչ է անում լուծել ցանկացած տարաձայնություն դիվանագիտական ճանապարհով»։

«Մենք կարծում ենք, որ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, որը հավաքական սպառնալիք է ներկայացնում մեզ համար, այն է՝ ռուսական ագրեսիայի»։

Նշենք, որ Թուրքիան ուժեղացրել է սադրիչ հռետորաբանությունը Հունաստանի հանդեպ՝ ընդհուպ մինչեւ ներխուժման սպառնալիքը։

Անկարան եւ Աթենքը տասնամյակներ շարունակ տարակարծիք են մի ամբողջ շարք հարցերում, ներառյալ ծովային սահմանները։ Լարվածության վերջին բռնկումը Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում կապված էր այն բանի հետ, որ Անկարան Աթենքին մեղադրում է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ, որոնք ապառազմականացվածի կարգավիճակ ունեն, ինչն Աթենքը հերքում է։

Անցած հանգստյան օրերին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ «իրավիճակը [Թուրքիային] ինքնապաշտպանության իրավունք է տալիս եւ հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը»։