Առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում ավիացիոն վառելիքի համաշխարհային պահանջարկը լիովին կվերականգնվի եւ մինչհամավարակային մակարդակի կհասնի՝ տարեկան 300 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է Shell-ի ավիացիոն ստորաբաժանման ղեկավար Յան Տոշկան Ասիա-խաղաղօվկիանոսյան նավթագազային էներգետիկայի 38-րդ համաժողովի շրջանակներում, փոխանցում է Reuters-ը։

ԱՄՆ-ում պահանջարկը վերադարձել է 2019-ի մակարդակին, մինչդեռ Եվրոպայում սպառումը վերականգնվել է ավելի քան 80 տոկոսով եւ հաջորդ տարի լիարժեք վերականգնման ճանապարհին է, ասել է նա։

«Ասիան ավելի խորդուբորդ ճանապարհ է ունեցել շուկաների բացման եւ փակման հետ կապված, բայց հիմնականում մենք ակնկալում ենք, որ Ասիան կվերադառնա հաջորդ տարի, բայց կարող է եւս մի տարի անցնել, մինչեւ մենք կտեսնենք շուկայի ամբողջ ներուժը»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, ավիավառելիքի մատակարարումները Եվրոպա կրճատվում են այն բանից հետո, երբ փետրվարի 5-ին ուժի մեջ մտան ռուսական նավթամթերքների դեմ Եվրամիության պատժամիջոցները, ինչը ստիպեց տարածաշրջանին ավելի շատ վառելիք ներկրել ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից եւ Մերձավոր Արեւելքից:

«Շուկային անհրաժեշտ է գնել ավելի հեռու գտնվող նավթավերամշակման գործարաններից… Ծովային, երկաթուղային փոխադրումները, ինչպես նաեւ մատակարարմամն բոլոր տեսակներն այժմ մեծ ճնշման տակ են այս նոր տեսակի երթուղայնացման (առեւտրի) պատճառով»,- ասել է նա: