Թուրքիայի իշխանությունները երկու քուրդ ապստամբի մեղադրել են երկրի հարավում ոստիկանության վրա հարձակվելու մեջ։ Ինչպես տեղեկացրել է AP-ը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ երկու քուրդ գրոհային կրակ է բացել ոստիկանության ուղղությամբ Թուրքիայի հարավում, իսկ հետո նրանք ինքնասպան են եղել՝ պայթեցնելով իրենց։ Հարձակման հետեւանքով սպանվել է մեկ ոստիկան, երկրորդ սպան եւ մեկ քաղաքացիական անձ վիրավորվել են։

Հարձակումն իրականացվել է երկուշաբթի ուշ երեկոյան Մերսին նահանգի միջերկրածովյան ափամերձ Մեզիթլի շրջանում, երկու կանանց կողմից, որոնք կապված էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ, տեղեկացրել է Սոյլուն։

Նրա խոսքով՝ կանայք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, որոնք պահպանում էին հյուրանոցը անվտանգության ծառայության աշխատակիցների համար, ինչը հանգեցրել է բախումների նրանց, ոստիկանության եւ գիշերային պահապանների խմբի միջեւ։

«Այդ բախումների ընթացքում ահաբեկիչ կանայք վիրավորվել են։ Բախումների ընթացքում լսվել է երկու առանձին պայթյուն»,- ասել է նախարարը։ «Քանի որ նրանք վիրավոր էին, հասկացել են, որ փախչել չեն կարող, եւ (սպանել են) իրենց»։