Հավատարիմ մնալով ստի եւ մանիպուլյացիաների ավանդույթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի եւ Արցախի դեմ իրենց իսկ սանձազերծած ագրեսիայի երկրորդ տարելիցի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի մեջ։

Չնայած միջազգային հանրության ներկայացուցիչների բազմաթիվ կոչերին՝ դուրս բերել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքից, Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում Երեւանին «հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը, եւ դադարեցնել բանակցությունների իմիտացիան»։ «Հայաստանը, վերջապես, պետք է դադարեցնի բանակցությունների իմիտացիան եւ իրական, կառուցողական քայլեր ձեռնարկի։ Տարածաշրջանի խաղաղ զարգացման ուրիշ այլընտրանք չկա»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Ակնհայտ է, որ Բաքվում նկատի ունեն Հայաստանի անվերապահ համաձայնությունն Ադրբեջանի բոլոր պահանջներին։

Բաքվում կարծում են, որ Երեւանը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման «գործնական քայլեր չի ձեռնարկում» եւ շարունակում է ռազմական սադրանքները։ Դրանով Հայաստանը լրջորեն խափանում է հետհակամարտային կարգավորման փորձերը, նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Բաքվում, հավանաբար, կարծում են, թե սեպտեմբերի 13-ին իրենց սկսած ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ որքան հնարավոր է լավ է «նպաստում» խաղաղությանն ու կայունությանը տարածաշրջանում։