Եվրահանձնաժողովը նախատեսում է քննարկել բնական գազի գնի վերին սահմանաչափի ներդրման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով մի փաստաթուղթ, որը կներկայացվի անդամ երկրներին չորեքշաբթի։

Եվրահանձնաժողովը ԵՄ 27 կառավարությունների ճնշման տակ է՝ աննախադեպ էներգետիկ ճգնաժամի զսպման առաջարկներ ներկայացնելու համար, որը խթանում է գնաճը եւ սպառնում է ռեցեսիա առաջացնել: Սակայն մինչ ԵՄ որոշ երկրներ ցանկանում են գազի գնի սահմանաչափ սահմանել, հանձնաժողովը զգուշանում է այդպիսի որոշումից՝ ասելով, որ տարածաշրջանում վառելիքի պահանջարկի եւ մատակարարման անվտանգության ազդեցությունը գնահատելու համար ավելի շատ ժամանակ է պետք։

Հանձնաժողովի գործողությունների պլանը՝ գազի գների իջեցման, անկայունության նվազեցման եւ էներգակիրների շուկաներում առևտրի ծավալների ավելացմանն ուղղված ապագա քայլերի մանրամասն նկարագրությամբ, որը նախատեսված էր սեպտեմբերի 28-ին, հետաձգվում է հաջորդ շաբաթ, ասել են ԵՄ դիվանագետները:

Փոխարենը, հանձնաժողովը չորեքշաբթի ավելի տեխնիկական փաստաթղթում կքննարկի՝ արդյոք կարելի է գների սահմանափակումներ մտցնել:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին ԵՄ գործադիր մարմինն անդամ երկրներին հայտնել էր, որ գազի գնի իջեցման համար նախատեսված նոր միջոցառումները հաշվի կառնեն մատակարարման անվտանգության վերաբերյալ մտահոգությունները, նպատակ կունենան կանխել գազի պահանջարկի ցանկացած աճ եւ աջակցել ներքին շուկային։ Այդ բոլոր խնդիրները վերջին մի քանի ամիսների ընթացքում բարձրացվել են ներմուծման կամ մեծածախ շուկաներում գների վերահսկման հակառակորդների կողմից:

Գազի սահմանաչափային գների մասին փաստաթուղթը նախ կքննարկեն ազգային կառավարությունների ներկայացուցիչները Բրյուսելում սեպտեմբերի 28-ին, իսկ հետո էներգետիկայի նախարարները կքննարկեն այն սեպտեմբերի 30-ին կայանալիք արտահերթ նիստին։ Փաթեթն արտակարգ իրավիճակների վճար, ավելի էժան էլեկտրաէներգիայի գնի սահմանաչափ եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը նվազեցնելու պարտադիր թիրախ է  ներառում: Իրացվելիության բարելավման, անկայունության նվազեցման եւ գազի գների իջեցման համար հետագա միջոցառումներն ավելի ուշ կձեռնարկվեն:

Պաշտոնյաների խոսքով՝ առնվազն 10 անդամ երկրներից բաղկացած խումբը, այդ թվում՝ Լեհաստանը եւ Հունաստանը, նախատեսում են կոչ անել հանձնաժողովին հնարավորինս շուտ բնական գազի բոլոր մեծածախ գործարքների գների առավելագույն շեմ առաջարկել։

Էներգետիկ ճգնաժամը նաեւ հոկտեմբերի 7-ին Պրահայում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման եւ Բրյուսելում հոկտեմբերի 20-21-ը նախատեսված եռամսյակային գագաթաժողովի առանցքային թեման կլինի։