Հյուսիսային Օսիայի իշխանությունները նախատեսում են էլեկտրոնային հերթ մտցնել ռուս-վրացական սահմանին, «Վերին Լարս» անցակետում, մարդատար ավտոմեքենաների համար եւ չեն բացառում արտակարգ դրության մասնակի ռեժիմ մտցնելը, «Соловьев Live»-ի եթերում ասել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։

«Հոսքը չափից ավելի մեծ է, նման հոսք ոչ ոք չէր սպասում։ Մենք օրենսդրական մակարդակով այնտեղ ոչինչ անել չենք կարող, հանրապետություն մուտքը փակել նույնպես չենք կարող։ Մենք փորձում ենք էլեկտրոնային հերթ սահմանել հենց թեթեւ մարդատար մեքենաների համար։ Բայց հարցը շատ բարդ է։ Հիմա իրավիճակը գնահատվում է, եւ ամենայն հավանականությամբ ես կընդունեմ արտակարգ դրության մասնակի ռեժիմ մտցնելու որոշում»,- ասել է նա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Նա խոստացել է անցակետի կողքին ժամանակավոր տեղակայման կետ բացել, որովհետեւ հերթում տղամարդկանցից բացի նաեւ կանայք եւ երեխաներ կան։ Նրա խոսքով՝ այնտեղ արդեն հերթապահում են շտապօգնության բրիգադը եւ ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։

«Անցած օրը «Վերին Լարս» անցակետով սահմանը հատել է 12,5 հազար մարդ։ Նրանցից 10 հազարը՝ Ռուսաստանից»,- տեղեկացրել է նա։

Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ում սեպտեմբերի 27-ին ավելի վաղ տեղեկացրել էին, որ թույլատրել են «Վերին Լարս» անցակետն անցնել ոտքով՝ ցանկացողների մեծ հոսքի պատճառով։ Առաջիկայում այնտեղ կկահավորվի զինկոմիսարիատի հավաքակետ։ Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ ռուսաստանցիների համար սահմանը փակելու պատճառներ չեն տեսնում։