Միջազգային հանրությունը պետք է կանխի Ադրբեջանի արկածախնդիր գործողություններն ու ագրեսիան։ Այս մասին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ այցը տեղի է ունենում Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի երկրորդ տարելիցին եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ոտնձգությունից մի քանի օր անց։ Երկու տարի առաջ Դենդիասը նույնպես այցով Հայաստանում էր։

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Միրզոյանը  ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները։ «Մենք կարեւորում ենք հասցեական արձագանքը։ Ագրեսորին ու զոհին հավասարեցնող անհասցե հայտարարությունները հանգեցնում են նոր հանցագործությունների։ Հասկանալի է, որ հետեւանքները պետք է վերացվեն։ Սա առաջին հերթին ադրբեջանական ուժերի դուրսբերումն է Հայաստանի տարածքից։ Գերիները պետք է վերադարձվեն, պետք է ապահովվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։ Միաժամանակ, միջազգային հանրությունը պետք է  կանխի Ադրբեջանի արկածախնդիր գործողություններն ու ագրեսիան»,-ասել է Միրզոյանը։

Նա հայտարարել է, որ 2 տարի առաջ՝ հենց այս օրը, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա  սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում, եւ այսօր՝ 2 տարի անց, հակամարտությունը չի լուծվել, քանի որ դրա պատճառները չեն լուծվել։