Պատերազմից կարելի էր խուսափել, իսկ դրա համար պետք էր ազգային գաղափար ունենալ, ամբողջ ներուժը դրան ուղղել, դեռ դպրոցից կենտրոնանալ սերնդի համապատասխան դաստիարակության վրա, նախապատրաստվել պայքարին։ Այս մասին սեպտեմբերի 27-ին կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։

«Պետք էր «Ազգ-բանակ» գաղափարն ապրելակերպի վերածել։ Մենք ազգային ռեսուրսը  չգնահատեցինք, որը մեր հաղթանակի հիմքը դարձավ, եւ 2018 թվականից հետո այս բաղադրիչն ամենաշատը հարվածվեց։ 2012 թվականից որպես պատգամավոր ասում եմ, որ պատերազմ է լինելու, եւ պետք է պատրաստվել դրան։ Մենք պետք է ապագա սերունդ դաստիարակենք՝ այսօրվա սխալները հաշվի առնելով»,- ընդգծեց փորձագետը։

Նա նշեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, հայ հասարակությունն ապրում է պատերազմական վիճակում, բայց՝ ոչ պատերազմական հոգեբանությամբ, թեեւ Ալիեւը ցանկանում է գրավել ոչ միայն Սյունիքով անցնող միջանցքը, այլեւ ամբողջ Հայաստանը։

«Իշխանությունները չեն խոսում Լաչինի միջանցքի անցկացման եւ այդ ճանապարհի երկայնքով անվտանգության ապահովման մասին, այսինքն՝ անգամ չեն կարողանում իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Պարտվող կառավարությունը նոր պարտություններ է բերելու, ուստի պետք է ազգային իշխանություններ ձեւավորել, որոնք կարող են երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։ Կարեւոր է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունները միայն հրադադարի փաստաթուղթ են։ Դուք չեք կարող որեւէ փաստաթուղթ ստորագրել մեր որեւէ իրավունքի հանձնման մասին»,- հավելեց Պողոսյանը։

Նա կոչ արեց հայերին հիշել Միացյալ Նահանգների որոշումներն ու շահերը, որոնք նրանք հետապնդում էին մեր տարածաշրջանում հարյուր տարի առաջ եւ հիմա։ «Ի՞նչ պետք է մտածենք այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ներդրումներ կատարեց Ապշերոնի թերակղզու նավթային ոլորտում: Պետք չէ նեղանալ, որ այս կամ այն ​​երկիրն իր շահերն է հետապնդում։ Պետք է միայն քեզ վրա խաղադրույք կատարել»,- եզրափակեց քաղաքագետը։