34-ամյա Սուրեն Ռոստոմյանը զոհվել է 44-օրյա պատերազմում:

«Պատերազմ է մեկնել հոկտեմբերի 1-ին, զոհվել է հոկտեմբերի 11-ին: Ինքը կռվել է Հադրութում, բայց իրեն գտել են Ջաբրայիլից: Հուղարկավորությունը հունվարի 20-ին էր: Իրերով ու ԴՆԹ-ով են ճանաչել մարմինը»,- NEWS.am-ի հետ զրույցում լացակումած պատմում է Սուրենի կնոջ մայրը:

«Մի անգամ է կապի դուրս եկել՝ հոկտեմբերի 3-ին, ու էլ կապ չենք ունեցել: Ասաց՝ լավ եմ, էլի  կզանգեմ: Շատ լավ տրամադրությամբ էր գնում: Որ լացում էին, ասում էր՝ ինչո՞ւ եք լացում, հո չեմ գնում մահանամ։ Ինքը մայր չուներ, ասում էր՝ ինձ մայր կլինես: Շատ բարի էր, բոլորն էլ մերն են, մեկի համար չենք ցավում, բոլորի համար ենք ցավում: Ափսոս էին մեր երեխեքը: Ես իմ փեսայի համար այսքան ցավում եմ, բա մայրերն ի՞նչ կանեն:

Ինքը վիրավոր է եղել դեմքից, ուղարկել են, որ գնա, բայց չի գնացել, ասել է՝ չեմ կարող էս երեխեքին թողնեմ, գնամ: Կռվել է մինչեւ վերջ ու հերոսաբար զոհվել է»,-ասաց նա: