Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը կարծում է, որ երկրի վերջին երկու ատոմակայանների շահագործման ժամկետը պետք է երկարացվի՝ այս ձմռանը Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում հնարավոր խափանումներից եւ ցանցային խոչընդոտներից խուսափելու համար, երեքշաբթի հայտնել է Spiegel շաբաթաթերթը:

Գերմանիան նախատեսում էր մինչեւ այս տարվա վերջը ամբողջովին հրաժարվել միջուկային էներգիայից, սակայն Ռուսաստանից էներգամատակարարումների կրճատումը ստիպել է կառավարությանը երկու կայաններ սպասման վիճակում պահել մինչեւ ապրիլ:

«Մենք արդեն գտնվում ենք այն կետում, երբ սթրես-թեստը ցույց է տալիս, որ ատոմակայանները, հնարավոր է, պետք է օգտագործվեն էներգահամակարգի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Ռոբերտ Հաբեկը՝ կլիմայական համաժողովի ժամանակ տված հարցազրույցում:

Հիմնական ռիսկը էներգետիկ համակարգում խոչընդոտն է, հավելել է նախարարը, հայտնում է Reuters-ը։

«Խոսքը ոչ թե էլեկտրաէներգիայի քանակի, այլ ցանցում դրա բաշխման մասին է»,- նշել է նա՝ հավելելով, որ իրեն արդեն անհանգստացնում է Ֆրանսիայից ատոմային էներգիայի անբավարարությունը։

Հարցին, թե որքան հավանական է թվում գերմանական երկու ատոմակայանների շահագործման ժամկետի երկարացումը, Հաբեկն ասել է. «Իհարկե, դա պակաս հավանական չէ»: