Մեն նահանգի բնակիչներից մեկը հայտնագործություն է արել՝ 75 դոլար վճարելով լատինական տառատեսակով եւ երաժշտական նոտաներով՝ շրջանակի մեջ դրված էջի համար, որը, պարզվել է, XIII դարի ձեռագիր է՝ մինչեւ 10 000 դոլար արժողությամբ, գրում է UPI-ն։

Ուիլ Սիդերին ասել է, որ ինքը եղել է Ուոթերվիլի զեղչված ապրանքների շուկայում, երբ նկատել է շրջանակի մեջ դրված էջը, որը նրան հիշեցրել է այն մասին, թե ինչ է ինքը տեսել Քոլբիի քոլեջում միջնադարյան ձեռագրերի դասընթացի ժամանակ:

Սիդերին 75 դոլարով գնած էջը ցույց է տվել իր նախկին պրոֆեսոր Մեգան Կուկին։ Վերջինս լուսանկարներն ուղարկել է իր համակուրսեցի Լիզա Ֆագին Դեւիսին, եւ նրանք երկուսն էլ համաձայնել են, որ դա կարծես Միսալ Բովեի մի հատված է, որը գրվել է ֆրանսիական Բովեում, 13-րդ դարի վերջին:

Միսալ Բովեն, որը քահանայի կողմից պատարագի ժամանակ օգտագործված աղոթագրքի մի մասն է, բաղկացած է եղել 309 էջերից, երբ այն 1942 թվականին վաճառվել է թերթերի հրատարակիչ Ուիլյամ Ռանդոլֆ Հերսթի կողմից, բայց հետագա տարիներին էջերը առանձնացվել են եւ առանձին վաճառվել:

Դեւիսն ասել է, որ իրեն հաջողվել է գտնել 114 բնօրինակ էջ, այդ թվում՝ մեկը Քոլբիի քոլեջի հավաքածուում:

Կուկը Twitter-ում լուսանկար է հրապարակել՝ համեմատելով Քոլբիի քոլեջի էջը Սիդերիի գտած էջի հետ, որն ավելի լավ վիճակում է։

Դեւիսն ասել է, որ Սիդերիի էջը մինչեւ 10 000 դոլար կարող է արժենալ, սակայն Սիդերին հայտարարել է, որ մտադիր չէ վաճառել այն: