Ես համաձայն չեմ տեսակետին, որ մի կապիտուլյացիա եղել է, հիմա երկրորդը պետք է լինի, որովհետեւ եթե կապիտուլյացիա եղած լիներ, այն փաստաթուղթը, որ պետք է պարտադրվեր, կստորագրվեր եւ հետեւաբար, թուրք-ադրբեջանական տանդեմը բավարարված կլիներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, որ Հայաստանը պետք է գնա ցավոտ լուծումների, եւ մենք ցավոտ լուծումներից պետք է գտնենք ավելի քիչ ցավոտը:

«Չի եղել կապիտուլյացիա, Ադրբեջանը չի հաղթել, դրա համար էլ գազազած է: Մենք չենք հաղթել, բայց չենք էլ պարտվել: Ինչ վերաբերում է առաջին անգամ ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ապա բարեբախտաբար այդ մարդը որեւէ ձեւով չի կարող ազդել գործընթացների վրա, ուստի անհանգստանալու որեւէ բան չկա իր արտահայտած մտքերից: Նաեւ չեմ էլ կարծում, թե շատ մեծ թվով հետեւորդներ ունի: Իր արտահայտած շատ մտքեր վիճահարույց էին: Օրինակ, հայտարարեց, թե աշխարհում չկան հարեւան երկրներ, որոնք ստորագրած չլինեն խաղաղության պայմանագիր:

Ռուսաստանն ու Ճապոնիան մինչեւ հիմա խաղաղության պայմանագիր չեն ստորագրել: Նման պայմանագիր ստորագրում են, երբ բոլոր հարցերը լուծված են լինում: Մեզ մոտ կան հարցեր որոնք լուծված չեն»,-ասաց Աղազարյանը: