Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ դեռեւս անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում դիտարկվող միտումը շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նա նշեց, որ տեղերում ընտրությունները, անկախ նրանից՝ մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով են անցկացվում, քաղաքական կոնտենտ, քաղաքական բովանդակություն չեն պարունակում։ Սրա վրա չի ազդում նաեւ այն, թե որ քաղաքական միավորի դրոշի ներքո են հանդես գալիս ընտրություններին մասնակցող ուժերը։

Երկրորդ առանձնահատկությունը բխում է առաջինից՝ եթե ընտրությունները քաղաքական բնույթ չեն կրում, ապա այն, ինչ տեղի է ունենում, ռեսուրսներ, փող, ընտանեկան լայն կապեր ունեցող տեղական հեղինակությունների ընտրության գործընթաց է։

Նրա խոսքով՝ երրորդ առանձնահատկությունն այն է, որ պահպանվել եւ նույնիսկ ուժեղացել է այն միտումը, ըստ որի՝ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բրենդը, Նիկոլ Փաշինյանի բրենդը, որեւէ որոշիչ ազդեցություն չունի ընտրողների վրա։

«Իրավիճակն այլեւս այն չէ, ինչ կար 2018 եւ 2019 թվականներին, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բրենդը կամ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կարող էին ինչ-որ մեկի համար հաղթանակ ապահովել ընտրություններում։ Այսօր սա բավարար չէ»,- նկատեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանն ընդգծեց, որ իշխող կուսակցության, ինչպես նաեւ այլ ուժերի ներկայացուցիչները, անկախ տիտղոսային ընդդիմությանն իրենց պատկանելությունից կամ տեղական ուժ ներկայացնելուց, ձգտում են հենվել հենց այնպիսի մարդկանց վրա, որոնք տեղերում իրենց ազդեցությամբ եւ փողերով կարող են ընտրողների ձայներն ապահովել։ Սրանք քաղաքական գործիչներ չեն, այսօր նրանք հանդես կգան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, իսկ վաղը՝ մեկ այլ ուժի կողմից։

Նա հիշեցրեց, որ իշխող կուսակցությունը հաղթանակ կարողացել է գրանցել ընտրություններ անցկացրած համայնքների կեսից պակաս մասում։ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն այս համայնքներում է ստացել ձայների 50 տոկոսից ավելին եւ կարող է միանձնյա իշխանություն ձեւավորել տեղերում։

«Մնացած համայնքներում իշխող կուսակցությունը կա՛մ պարտություն է կրել, կա՛մ չի կարողանա ինքնուրույն իշխանություն ձեւավորել եւ կփորձի առեւտրի մեջ մտնել այլ ուժերի հետ կամ վախեցնել նրանց։ Այսինքն՝ նկատվում է նույն միտումը, որը կար նախորդ տարվա նոյեմբերին։ Չեմ բացառում, որ այն տեղերում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է, իշխող ռեժիմը սկսի քրեական գործեր հարուցել մարդկանց դեմ, ձերբակալել նրանց, որպեսզի զավթի իշխանությունը»,- հավելեց փորձագետը։

Նա կարեւոր է համարում ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում՝ ընդդիմության մասնակցությունը տեղական ընտրություններին, քանի որ դրանք կարեւոր բաղադրիչ են հաջորդ համապետական ընտրություններում վարչական ռեսուրսի համար պայքարում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», հաղթել է ընտրություններ անցկացրած 18 համայնքից միայն 10-ում, ընդ որում, 2 համայնքում՝ Ալավերդիում եւ Սիսիանում նրանց չի հաջողվել բացարձակ հաղթանակ տանել, ինչը նշանակում է, որ նրանք առանց ավագանիում հավելյալ ձայների, չեն կարողանա իրենց թեկնածուին ընտրել համայնքի ղեկավար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արագածոտնի մարզի Թալին եւ Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու մարզի Գյուլագարակ եւ Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի մարզի Արենի եւ Եղեգիս, Կոտայքի մարզի Ակունք եւ Ջրվեժ բնակավայրերում։

Իշխող ուժի պարտությունն արձանագրվել է Բերդ, Չարենցավան, Քաջարան, Տաշիր, Բյուրեղավան, Անի եւ Ալագյազ համայնքներում։

Նշենք նաեւ, որ սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: