ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:

«Այսօր հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին և Արմեն Գրիգորյանին՝ ուղիղ և կառուցողական բանակցությունների համար: Քննարկեցինք հետագա բռնություններից խուսափելու և ժամանակային և կենտրոնացված բանակցություններ վարելու կարևորությունը: Մենք նաև հստակեցրեցինք առաջընթացի կոնկրետ քայլեր՝ աջակցելու կայուն և ամուր խաղաղությանը», - ասվում է թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ գրասենյակից հանդիպման վերաբերյալ հայտնել են, որ կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը: