«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ իմաստ ուներ պրոցեսի մեկնարկին, երբ արդեն հայտարարել են նախագահների ու կաթողիկոսի հանդիպումները շարունակելու մասին, սակայն այս ձեւաչափը դեռ այդքան փխրուն է ու երերուն, որ կարող է ամեն պահի ձախողվել, գնալ եթեր եւ այդքան վիճելի հայտարարություններ անել` հարվածի տակ դնելով ֆորմատի գոյությունն իսկ: Ի՞նչ իմաստ ուներ` չունենալով հստակ տեղեկատվություն, նման չարագուշակ կանխատեսումներ անել, վախ եւ անհուսություն ներշնչել, որ վատ է լինելու, եւ 6 ամսից մենք կարող ենք պետություն չունենալ: Ի՞նչ իմաստ ուներ այդպես եռանդուն պաշտպանել նոր կապիտուլյացիայի եւ փաստաթղթերի կնքման թեզը` աջակցություն հայտնելով գործող իշխանություններին եւ հատկապես իր իսկ կողմից «ազգակործան պատուհաս» հռչակված անձին:

Եթե տեղեկատվության պակաս ունես, ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ունեցածդ սուղ ինֆորմացիայի հիման վրա արված եզրահանգումները վերջնական ճշմարտության արժեք ունեն եւ այդքան միանշանակ պնդումներ անել:

Ինչպե՞ս կարելի է այդպես բարբարոսաբար չարաշահել տասնամյակների ընթացքում հասարակության շրջանում ունեցածդ վստահությունը եւ օգտվել քո կուտակած կապիտալից` հեղինակությունից, որպեսզի սատար կանգնես մի գործընթացի, որի ելքը հայտնի չէ, եւ որի հաջողությունը երաշխավորված չէ:

Ինչպե՞ս կարելի է այսքան անփութորեն եւ այսպես դաժանաբար ներազդել ներքաղաքական պրոցեսների եւ հանրային տրամադրությունների վրա: Պարզ է, որ Տեր-Պետրոսյանի խոսքը մեծ ազդեցություն է ունենալու բոլոր նրանց վրա, ովքեր չունեն իրադարձություններն ինքնուրույն վերլուծելու ունակություն, եւ ում համար Տեր-Պետրոսյանի ինտելեկտը վիճարկելի չէ: Մի հարվածով բոլոր տատանվողներին Տեր-Պետրոսյանը դարձրեց իշխանամետ եւ ընդդիմությանը հուժկու հարված հասցրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում